Կորոնավիրուսի կասկածանքով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի

Գանգատ ունեցող քաղաքացիներից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ»,–գրել է նա:

Նիկողոսյանի տեղեկացմամբ` նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:

Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Համաշխարհային սպորտը «կարանտինում» է. որ միջոցառումներն են հետաձգվել

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։