ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եղեգնաձոր քաղաքում վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները զայրացել են, որ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել։ Փոխգնդապետի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանն ու եղբոր կինը՝ Ցողիկ Մխիթարյանն այսօր Գյումրիում ասուլիս էին հրավիրել՝ պահանջելով արդար քննություն։
Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքում։ Գործի շրջանակում կալանավորել էին Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին ու նրա եղբորը` Հարություն Գրիգորյանին, որը Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականն էր։ Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց 1.5 մլն դրամի գրավի դիմաց։
«Ազատել են Զավեն Գրիգորյանին, հաղթանակի կենաց կխմեն, մեր ներվերի վրա կաշխատի՞ն, ի՞նչ են հաղթել, թուրքի՞ են հաղթել, երկի՞ր են պաշտպանել»,-ասաց մայրը:
Ցողիկ Մխիթարյանն էլ համոզված է, որ փոխգնդապետն ինքը չէր կարող որևէ մեկին վնաս հասցնել։
«Արան նվիրյալ ծառայող է եղել, չփորձեն Արայի հեղինակությանը կպնել, հանցագործներին արդարացնել, ինքը վաստակած հեղինակություն ունի, , անգամ իր աշխատավարձը չի խնայել բանակի, զորքի համար, զորք է ղեկավարել։ Էնքան խաղաղասեր տղա է եղել, պարկեշտ է եղել, ազնիվ, բարի, երբեք ոչ մեկին վնաս չէր տա»,- ասաց նա:
Հավելենք, որ գործի շրջանակում մամուլում շոշափվում էր նաև Տրդատ Սարգսյանի հնարավոր մասնակցությունը, սակայն նա հերքում էր այդ տեղեկությունը, իսկ դեպքից մեկ շաբաթ անց հրաժարվեց մարզպետի պաշտոնից։ Նրա հրաժարականից մոտ երկու ամիս անց քննչական մարմինը հայտարարեց, որ նախկին մարզպետը չի մասնակցել միջադեպին։
Փոխգնդապետը սեպտեմբերի 17-ից մինչև հիմա գտնվում է զինվորական հոսպիտալում, դեռևս կոմայից դուրս չի եկել։ Նա ամուսնացած է, ունի 10 տարեկան որդի, 27 տարի ծառայել է հայկական բանակում։
Հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի. Տոնոյանը` փոխգնդապետի հետ կատարվածի մասին