Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

Հիվանդանոցում միայն կորոնավիրուսով վարակված անձանց կսպասարկեն, մյուսներին այլ հիվանդանոցներ են տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

Նշենք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք: