ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է հաստատվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են։ Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից: Ընդհանուր առմամբ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Ըստ Թորոսյանի` բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։
Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։
Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք էր հաստատվել։
Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։