Ադրբեջանում ժողովրդավարության ցածր չափանիշները խոչընդոտում են ԼՂ գործընթացին. Նաղդալյան

Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթին ու իր գնահատականը տվել դրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը: Նման կերպ է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթը։

«Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել ՀՀ–ի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Սակայն Ադրբեջանում ժողովրդավարության ցածր չափանիշները խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,–ասել է Նաղդալյանը: 

Նրա խոսքով` հատկապես մտահոգիչ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է իր անհիմն մեղադրանքներում խաղարկել կրոնական քարտը։ Մի կողմից նա եվրոպական երկրներին մեղադրում է կրոնական հողի վրա միգրանտների իրավունքների խախտումների մեջ, մյուս կողմից՝ կրոնական համերաշխության կոչեր անելում ԼՂ հակամարտության համատեքստում:

Ադրբեջանը միտումնավոր սրում է սահմանային իրավիճակը. ԱԳՆ

Ինչու է հենց հիմա Ադրբեջանն ակտիվացել Նախիջևանում, ու ինչ կա այս ամենի հետևում

Նաղդալյանը նշում է` վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անկարողությունը Ադրբեջանի իշխանությունները փորձում են քողարկել ագրեսիվ, անհիմն և մտացածին պնդումներով; Դրանք Հայաստանից և հայ ժողովրդից բացի, ուղղվում են նաև եվրոպական երկրներին ու կառույցներին, Ադրբեջանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է` հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի նախագահի կողմից պատմական և աշխարհագրական նոր «հայտնագործություններով» ուղեկցվող թշնամանքի քարոզը հակասում է խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ` Ադրբեջանի հանձնառություններին:

Ըստ Նաղդալյանի` սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու` Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են։ Դրանք, ըստ նրա, կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը:

Զախարովան պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին էսկալացիայի մասին հարցին