ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում այսօր անցկացվող քարոզարշավից հետո շտապ վերադարձել է Երևան` մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրատապ նիստին։
Քիչ առաջ Փաշինյանը ժամանեց կուսակցության գրասենյակ։ Մուտքի մոտ հավաքված լրագրողների հարցերին վարչապետը չպատասխանեց և շտապ քայլերով մտավ ներս։
Տեղեկություններ կան, որ նիստի ընթացքում քննարկվելու է ՀՀ–ում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակը, ուսումնական հաստատություններում դասապրոցեսը դադարեցնելու, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը որոշ ժամանակով դադարեցնելու հարցը:
Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցրել` Հայաստանի տարբեր մարզերում քարոզարշավ իրականացնելու համար։ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը Փաշինյանը մեկնարկել էր Սյունիքի մարզից մարտի 10-ին և 11-ին։ Այսօր առավոտից Փաշինյանն իր քաղաքական թիմի անդամների հետ Վայոց Ձորի մարզում էր, որտեղ ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել բոլոր խոշոր բնակավայրերում։
Հիշեցնենք` երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Վարակվածներից երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ մի կին է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշանադրության արարողությունների։
Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: