ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Նավթի գնի անկումն ու կորոնավիրուսը, ազդելով Ռուսաստանի տնտեսության վրա, կարող են գնաճի հանգեցնել նաև Հայաստանում։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր կայացած Մոսկվա–Երևան–Բիշքեկ–Թբիլիսի–Մինսկ տեսակամուրջի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Սոցիալ–տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցը։
Նավթի գներն անկում ապրեցին այն բանից հետո, որբ ՕՊԵԿ+ երկրները մարտի 6-ին չկարողացան պայմանավորվել ո՛չ արդյունահանումը կրճատելու գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ էլ դրա երկարացման մասին։ Նավթի գնանկման ֆոնին բարձրացել են ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի կուրսերը։
Զուբեցի խոսքով` համարվում է, որ նավթային «պատերազմը» Ռուսաստանն է սկսել, սակայն իրականում այն սկսել են ԱՄՆ–ն և Սաուդյան Արաբիան։
«Եթե անհրաժեշտություն առաջանա, քարոզարշավը կընդհատենք». Փաշինյանը` կորոնավիրուսի մասին
«Ռուսաստանի վրա սաուդցիների լուրջ հարձակումը խոսում է այն մասին, որ Էր Ռիյադը փորձում է վերադարձնել Մոսկվան բանակցությունների սեղան։ Ռուսաստանը կարող է դա անել, ինչը կհանգեցնի նավթային շուկայի կայունացմանը։ Դրանով է իրավիճակը տարբերվում 2014 թվականից», – ասաց Զուբեցը։
Փորձագետի կարծիքով` առաջիկա 3-4 ամիսները կարող են ամենածանրը լինել։ Նավթի գինը կարող է նվազել` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 20 դոլարի։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, «սև ոսկու» արժեքը կայունանում է 40-50 դոլարի սահմաններում։
Sputnik Արմենիայի այն հարցին, թե իրավիճակն ինչպես կազդի Ռուսաստանում շինարարության և սպասարկման ոլորտների վրա, որտեղ հիմնականում հայեր են ներգրավված, Զուբեցը պատասխանեց, որ առաջին դեպքում հարվածն այդքան ուժգին չի լինի։
«Մինչ այդ շինարարական շուկան վերելք էր ապրում։ Գներն աճում էին, պահանջարկը` նույնպես։ Ռուսաստանում շինարարության աճի տեմպերը սկսեցին դանդաղել դեռ անցած տարվա վերջում։ Եթե չլինեին այս տհաճ իրադարձությունները (նավթի գնանկում, կորոնավիրուս), արդյունաբերական և բնակշինության շուկաներում կարելի էր լավ աճ ակնկալել», – ասաց Զուբեցը։
Խոշոր գնումների հիմնական թշնամին վախն է։ Հասկանալի է, որ անորոշությունը ստիպում է մարդկանց հրաժարվել անշարժ գույք ձեռք բերելուց։ Պահանջարկը դեռ պահպանվում է, սակայն եթե իրավիճակը չփոխվի` այն կնվազի։ Իր հերթին դա կհանգեցնի անշարժ գույքի շուկայում դադարի և շինարարական աշխատանքների ծավալի անկման։ Անկումը կարող է 10-20% կազմել։
«Միջնաժամկետ հեռանկարում անհնար է չմտահոգվել այդ շուկայում ճգնաժամային երևույթների վերաբերյալ։ Հասկանալի է, որ շուկան ցիկլային է, և որոշ ժամանակ անց այն աճի կվերադառնա։ Այստեղ կարևոր է, թե որքան երկար կտևի վիրուսի և նավթի գների հետ կապված պատմությունը»,–նշեց Զուբեցը։
Ինչ վերաբերում է այլ երկրներ արտահանելու համար ռուսական արտադրության ապրանքների գների նվազմանը (ռուբլու անկման ֆոնին), ապա, ըստ ամենայնի, հետխորհրդային տարածքի պետությունները ազգային արժույթների կուրսերի շտկումներ կիրականացնեն։
«Աշխարհի ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ էժան ներմուծումը ճնշի ներքին արտադրությունը», – նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է հավանական գնաճին` Հայաստանում այն կարող է գերազանցել Ռուսաստանին։ Դա կապված է նրա հետ, որ ռուսաստանցիները կկրճատեն ապրանքների և ծառայությունների սպառումը, կտնտեսեն գումարն ու ներմուծումը կտուժի։
«Ներմուծումը միշտ էլ ավելի շատ և ուժեղ է տուժում, քան ներքին սպառումը։ Այդ իսկ պատճառով ներմուծող երկրներն ավելի ծանր դրության մեջ կհայտնվեն, և գնաճը կարող է կտրուկ աճել։ Սակայն մենք գնաճի առումով լուրջ աղետի չենք սպասում, և այս պատմությունը լավատեսական տարբերակով մի քանի ամսից կվերջանա, վատագույն դեպքում` մեկ տարուց», – նշեց Զուբեցը։
Նրա կարծիքով` Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի այլ երկրների տնտեսության վիճակը, ամենայն հավանականությամբ, կբարելավվի աշնանը։
Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ