ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիներից երկուսի դեպքում նրանց հետ շփվածների շրջանակը մեծ է. կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:
«Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել, ինչն անել հնարավոր չէ մյուս երկրներում։ Մեկուսացվում են միայն վարակվածների հետ շփում ունեցողները, ինչն էլ արվել է։ Երեք կորոնավիրուսով վարակվածներից մեկի դեպքում 50 մարդ է շփում ունեցել նրա հետ»,–ասաց Թորոսյանը` մանրամասնելով, որ խոսքն Էջմիածնի բնակչի մասին է։
Նախարարի խոսքով`կորոնավիրուսով վարակված Իտալիայի քաղաքացու հետ շփվածների շրջանակը նույնպես մեծ է, սակայն նրանք կմեկուսացվեն տնային պայմաններում։ Շենքում, որտեղ ապրում է կորոնավիրուսով վարակվածը, 6 ընտանիք կա, և նրանք ուղղակի երկու շաբաթ տնից դուրս չեն գա։
Թորոսյանը հայտնեց` երեկվա տվյալներով` Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» մեկուսացված են 43 անձ Ծաղկաձորում, 6 ընտանիք` Երևանում. չի բացառվում` 10-20–ով էլ ավելանա մեկուսացվածների թիվը։
Նա հայտնեց նաև, որ կորոնովիրուսով վարակված 4 անձինք էլ Նորքի ինֆեկցիոնում են բուժում ստանում։
Թորոսյանը հայտնեց նաև, որ քննարկվում է այս կիրակի Իտալիայից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին երկու շաբաթով հատուկ տեղում մեկուսացնելու հարցը։ Վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: