Էջմիածնում կորոնավիրուսի դեպք չի՞ հայտնաբերվել. նախարարությունը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի թեմայով ավելորդ խուճապ չառաջացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է` իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է այս տեղեկությունը։

Էջմիածնում 1 շաբաթով փակվել է մարզադպրոցը, չեղարկվել է «Այո»–ի քարոզարշավը. քաղաքապետ

«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,– նշված է գերատեսչության հայտարարություն մեջ։

Տեղեկություններ են տարածվել նաև, որ վարակվածներից մեկի ինքնազգացողությունը վատացել է Էջմիածնում հարսանիքի ժամանակ, որին ներկա է եղել մի քանի տասնյակ մարդ։ Sputnik Արմենիան այս տեղեկությունը ճշտելու համար դիմեց առողջապահության նախարարություն։

«Անձնական տվյալներ չենք կարող հրապարակել, ինչպես նաև որոշ կոնտակտավորների շրջանակը հստակեցվում է և աշխատանք է տարվում նրանց հետ` մի մասին մեկուսացնելով, մյուս մասին, ըստ անհրաժեշտության, տնային կարանտին դնելով»,– պատասխանեց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չկա, նոր հայտնաբերված 3 պացիենտների դեպքում վարակը ձեռքբերովի է, իրավիճակը մնում է կառավարելի։