Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել. նախարար

Հիվանդների մոտ դիտվել է ջերմության բարձրացում, նրանք թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը հաստատվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին facebook-ում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաստատվել է նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին»,– գրել է նախարարը։

ՀՀ որոշ պատվիրակությունների արտասահմանյան այցերը չեղարկվել են

Թորոսյանը նաև հայտնում է, որ երկու նոր հիվանդների մոտ դիտվել է ջերմության բարձրացում, նրանք թեստավորվել են, և հիվանդությունը հաստատվել է:

Նախարարը հայտնում է, որ այս պահին երկուսի ինքնազգացողությունն էլ լավ է, նրանք չեն ջերմում:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
«Թումոն» մեկ ամիս փակ կլինի. կորոնավիրուսով վարակված իտալացին այդ շենքում է աշխատել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:

Երեկ` մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան). նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշադրեքի արարողությունների։

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։

Փաշինյանը շտապ վերադարձավ Երևան. ՔՊ–ն հրատապ նիստ է հրավիրել