Բելառուսը պատրաստ է Փաշինյանին օգնել «10 միլիոն ծառ» նախագծի հարցում

Բելառուսը վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանին 50 հազար սոճու տնկիներ է տվել, այժմ պատրաստ է օգնել նաև «10 միլիոն ծառ» նախագիծն իրականացնելու գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանում միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հայտարարեց, որ Բելառուսը պատրաստ է «10 միլիոն ծառ» նախագծի համար տնկիներ մատակարարել Հայաստան։ Նա հիշեցրեց, որ Բելառուսի տարածքի մոտ 40 տոկոսը զբաղեցնում են անտառները։

Երկու մլն տնկին արդեն գտել են. նախարար Գրիգորյանը պատմում է 10 միլիոնանոց ծառատունկի մասին

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով։ Նախորդ տարվա աշնանը վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

«Բելառուսում, ինչպես հայտնի է, զարգացած են անտառային տնտեսության օգտագործման տեխնոլոգիաները։ Մենք պատրաստ ենք ժամանակակից տնկիներ տրամադրել և սովորեցնել դրանք խնամելու տեխնոլոգիաները»,– ասաց նախարարը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Բելառուսն արդեն 50 հազար սոճու տնկիներ տրամադրել է Հայաստանին։

Նշենք, որ Բելառուսի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2019 թվականին էապես աճել է և հասել 80 մլն դոլարի, ինչը 45 տոկոսով շատ է 2018 թվականի ցուցանիշից: