«Ախտանիշային բուժում է պահանջում մի պացիենտ». նախարարը` կորոնավիրուսով վարակվածների մասին

Արսեն Թորոսյանը խոսեց Հայաստանում գրանցված կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին ու նոր տեղեկություններ հաղորդեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի լոկալ տարածում չկա Հայաստանում, նոր հայտնաբերված 3 պացիենտների մոտ ձեռքբերովի է, իրավիճակը մնում է կառավարելի։ Facebook–ի ուղիղ հեռարձակման ընթացքում քիչ առաջ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ կառավարությունն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին կտեղափոխի Հայաստան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

«Կորոնավիրուս հայտնաբերված այս 3 անձանց հետ ուղիղ շփվածների մեկուսացմամբ ենք հիմա զբաղվում, նրանք շատ չեն»,–տեղեկացրեց նախարարը։

Նրա խոսքով` ժամանման պահին ուղևորները գանգատներ չեն ունեցել, հետո տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ և թեստավորում են անցել, ու պարզվել է, որ 3–ը վարակված են։

«Նրանցից 2–ը իրենց լավ են զգում, միայն մեկի մոտ կա աջակողմյան թոքաբորբ։ Ախտանիշանային բուժումից հետո պետք է որ անցնի, որովհետև արագ բուժում է արվում»,–տեղեկացրեց Թորոսյանը։

Նրա  խոսքով` վարակված քաղաքացիները գանգատ չունեն, նրանք իրենց լավ են զգում։ Ինչպես նաև իրեն լավ է զգում առաջին պացիենտը, գանգատ չունի, նույն վիճակում են նաև Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող 31 քաղաքացիները։

Անդրադառնալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսը պանդեմիա հայտարարելուն` նախարարի նշեց, որ ԱՀԿ–ն վերջերս շատ էր խոսում, որ պանդեմիա հայտարարել-չհայտարարելը շատ բան չի փոխում հիվանդության դեմ պայքարի հարցում։ Հիմա հայտարարվել է պանդեմիա, որովհետև բազմաթիվ երկրներում տարածոււմ է գտել այս հիվանդությունը։

Վրաստանում 12 տարեկան երեխա է վարակվել կորոնավիրուսով

«Էֆեկտիվ միջոցառումների միջոցով կարող է կանխվել հիվանդության տարածումը, դրանք 4 են և արվել ու արվում են ՀՀ–ում»,–ասաց նա` ներկայացնելով կանխարգելիչ քայլերը։

Դրանք են` հայտնաբերել գանգատ և ցուցումներ ունեցող մարդկանց, իրականացնել նրանց թեստավորումը և բուժումը, ինչը և արվում է Հայաստանում։ Եվ մեկուսացումը, որը 2 տեսակ է լինում` տնային և հատուկ պայմաններով։ Հատուկ պայմաններով մեկուսացվում են այն անձինք, որոնք ուղիղ շփում են ունեցել հիվանդ մարդու հետ։

«Այս պահին ախտանշային բուժում է պահանջում մի պացիենտ»,–ասաց Թորոսյանը։

Google ընկերությունը կորոնավիրուսի պատճառով խորհուրդ է տվել իր աշխատակիցներին տնից աշխատել

Նա նաև կարևորեց կեղծ տեղեկությունից` ինֆոդեմիայից խուսափելը, որը խանգարում է ճիշտ տեղեկությունը տեղ հասցնելուն։ «Ու նաև մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը, հետևենք տեղեկատվությանը և շարժվենք այդպես։ Կարևոր են անձնական հիգիենայի պահպանումը, ձեռքերը լվանալը, փակ տարածքներն օդափոխելը»,–ասաց նա։

Թորոսյանն ընդգծեց, որ իրենք աշխատում են թափանցիկ, ոչինչ չեն թաքցնում, նաև հավելեց, որ եթե պետք լինի ավելի լայնածավալ  միջոցառումների դիմել, դա էլ կարվի։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը և Իտալիայում Հայաստանի դեսպանությունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էին հնարավորինս սեղմ ժամկետում վերադառնալ Հայաստան։ Երեկ Իտալիայից Հայաստան երկու չվերթ է իրականացվել։ Միլանից Հայաստան է տեղափոխվել 42, Հռոմից 46 մարդ։

Իտալիան այս պահին կորոնավիրուսի մահացությունների թվով առաջինն է։ Երկրում կարանտին է հայտարարված և սահմանված է «կարմիր գոտի»։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1–ին, 29 տարեկան մի տղամարդու մոտ։ Նա Հայաստան էր եկել Իրանից։