ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, նշելով` Իտալիայից ժամանած մեր հայրենակիցները բողոքում են, որ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ամենախիստ առողջապահական հսկողությունն է իրականացվում իրենց նկատմամբ:
Կորոնավիրուսից վախեցած. Փաշինյանը և Միշելը հրաժարվել են ձեռքսեղմումից. տեսանյութ
«Իհարկե, նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչի համար է այդ ամենը, սակայն բոլորը միաբերան փաստում են, որ նույնիսկ Իտալիայում նման կերպով ծառայություն չի իրականացվում, իրենք նույնիսկ Հայաստանի կայքերից ու հեռուստաալիքներից են իմացել, որ Իտալիայում «պանիկա» է: Արտասահմանից եկած մի կին էլ ահավոր զարմացած նայում էր կատարվող աշխատանքներին ու վերջապես չդիմանալով հետաքրքրությանը հարցրեց, թե բա՝ դուք գոնե տեսե՞լ եք, թե ձեր երկիրը որ հորիզոնականներում է ու ինչ տոկոսով, ինչի՞ եք այսքան իրար խառնվել»,–գրել էԱսատրյանը:
Նա շեշտել է, որ ամեն ինչ արվում է բացառելու համար վիրուսի ներթափանցումը Հայաստան և վարակվածներին գաղտնի պահելը ոչ մեկին ձեռք չի տալիս:
«Հավատացեք` ՀՀ առողջապահական համակարգն այս պահին ձեր հարևանի տեգոր կնոջից ավելի շատ է տեղեկացված ու ավելի լուրջ է զբաղվում վերահսկողական աշխատանքներով»,–եզրափակել է նա:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը և Իտալիայում Հայաստանի դեսպանությունն այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված` հորդորում են հնարավորինս սեղմ ժամկետում վերադառնալ Հայաստան։
Դեսպանությանը պետք են Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների կոնտակտային տվյալները
Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։
Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 452–ի։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակվածների թիվը հասել է 80 956–ի։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է (10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են)։ Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որտեղ վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Հայաստանի հարևան Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որտեղ 1784 վարակված կա, 33–ը մահացել են։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Երևան են ժամանել ԱՀԿ փորձագետները