ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Այսօր կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել Հայաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների` մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում,–Facebook–ի իր էջում գրել է նա:
Նրա խոսքով` պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։
«Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաև եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից»,– գրել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հայտնել է նաև, որ «Գոլդեն փելեսում» գտնվող մարդիկ և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:
Նա մարդկանց խնդրել է հանգստություն պահպանել և հետևել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդներին։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը և Իտալիայում Հայաստանի դեսպանությունը Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել էին հնարավորինս սեղմ ժամկետում վերադառնալ Հայաստան։ Երեկ Իտալիայից Հայաստան երկու չվերթ է իրականացվել։ Միլանից Հայաստան է տեղափոխվել 42, Հռոմից 46 մարդ։
Իտալիան այս պահին կորոնավիրուսի մահացությունների թվով առաջինն է։ Երկրում կարանտին է հայտարարված և սահմանված է «կարմիր գոտի»։
Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։
Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 452–ի։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակվածների թիվը հասել է 80 956–ի։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է (10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են)։ Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որտեղ վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Հայաստանի հարևան Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որտեղ 1784 վարակված կա, 33–ը մահացել են։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի առավոտյան. վարակված տղամարդը Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: