Իտալացիները խաբեցին. ինչպես են հայերը Իտալիայի «կարմիր գոտու» գերին դարձել

Հայ զբոսաշրջիկների և Իտալիայի հյուրանոցային համալիրների ներկայացուցիչների միջև «ճակատամարտ» է սկսվել. պատճառը կորոնավիրուսն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իտալիայի մի շարք հյուրանոցների ղեկավարներ հրաժարվում են վերադարձնել հայ զբոսաշրջիկների չեղարկված ամրագրումների գումարը։ Բանն այն է, որ զբոսաշրջիկները չեն կարողանում Իտալիա գնալ ոչ թե անձնական պատճառներով, այլ երկրում կորոնավիրուսի բռնկման հետևանքով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Any Wish Tour տուրիստական գործակալության տնօրեն Ալինա Պետրոսյանը։

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

Իտալիան այս պահին կորոնավիրուսից մահացությունների թվով առաջինն է։ Վերջին տվյալներով` երկրում վարակվել է 9172 մարդ։ Երկրում կարանտին է հայտարաված և սահմանված է «կարմիր գոտի», ըստ որի` մարդկանց տեղաշարժը սահմափակվում է ոչ միայն Իտալիա ժամանողների և Իտալիայից մեկնողների դեպքում, այլև երկրի ներսում։

«Մեր հաճախորդները, որոնք դեռ նախքան հայտնի իրադարձությունները հյուրանոցներում համարներ էին ամրագրել, հայտնվել են անելանելի իրավիճակում։ Նրանք չեն կարող Իտալիա գնալ կորոնավիրուսի պատճառով, իսկ հյուրանոցները հրաժարվում են վերադարձնել չեղարկված ամրագրումների գումարը»,–ասաց նա։

Նրա խոսքով` հյուրանոցների կառավարիչները անորոշ հայացքով ձեռքերն են տարուբերում։ Սակայն գոյություն ունի հստակ կանոն. եթե քաղաքացիները չեղարկում են նախատեսված ճամփորդությունը արտակարգ կամ ֆորս–մաժորային իրավիճակի (բնական աղետներ, համաճարակ, երկրաշարժ և այլն) հետևանքով, ապա զբոսաշրջիկին պարտավոր են վերադարձնել նրա գումարը։ Պետրոսյանը նշեց, որ այս պահին խոսքը ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի հազար եվրոյի մասին է։ 

Կորոնավիրուսի պատճառով Երևանում ուկրաինական ջրային կրկեսի շոու ծրագիրը կհետաձգվի

«Մեր զբոսաշրջիկները իրենց ցանկությամբ չէ, որ չեն ուզում Իտալիա գնալ, ինչն արմատապես փոխում է իրավիճակը»,– շեշտեց Պետրոսյանը։

Նմանատիպ իրավիճակ է նաև դեպի Հայաստան չվերթներ իրականացնող ավիաընկերությունների շրջանում։ Պետրոսյանը պատմեց, որ այս պահին ստիպված են բառացիորեն «պատերազմել» LOT ավիաընկերության հետ։ Ընկերությունը հրաժարվում է վերադարձնել մի քաղաքացու տոմսի գումարը, որը պետք է Հայաստան ժամաներ իրենց չվերթով, սակայն նրա մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։ LOT–ն առաջարկում է ուղևորության ամսաթիվը փոխել։

«Նա զբոսաշրջիկ չէ, որը կարող է սպասել իրավիճակի փոփոխության, այդ մարդը միջոցառման է հրավիրված»,– հավելեց Պետրոսյանը։

Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին կարծում է, որ ստեղծված իրավիճակում հարցի լուծման համար ժամանակ է պետք, չնայած որ խախտվում են զբոսաշրջիկների իրավունքները։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Պիպոյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը չի կարող Իտալիայի իշխանություններին ստիպել մի կողմ դնել սեփական  քաղաքացիների խնդիրները և զբաղվել հայ զբոսաշրջիկների հարցերով։

«Հարցը կարելի է բարձրացնել այն բանից հետո, երբ Իտալիայում հաստատուն իրավիճակ կլինի։ Հուսով եմ` իշխանությունները կհամագործակցեն իտալացի գործընկերների հետ և իրավիճակից ելք կգտնեն»,–ասաց Պիպոյանը։

Ըստ նրա` վիճակն իրոք բարդ է. հյուրանոցները կարող են հայտարարել, որ իրենք մեղք չունեն, քանի որ իրենք պատրաստ են դիմավորել զբոսաշրջիկներին, իսկ փակ սահմանների համար պատասխանատվությունը իշխանության վրա է։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեում նույնպես իրավիճակը բավական բարդ են որակում։

«Դժվարին խնդիր է, և մենք լուծման ուղիներ ենք փնտրում։ Որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,–պնդում են այստեղ։

Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը․ չեղարկված ուղևորությունների վնասները Հայաստանում

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք։ Առողջապահության նախարարությունը ևս հորդորել է զերծ մնալ կորոնավիրուսով վարակման ռիսկ ներկայացնող երկրներ այցելություններից, իսկ այնտեղից վերադարձած քաղաքացիներին` 14 օրվա ընթացքում սահմանափակել շփումները և ինքնամեկուսացվել։ Գործատուները պարտավոր են այդպիսի աշխատակցին հեռավար աշխատանքով ապահովել։