ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «5–րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը և մերժեց քննիչի` կալանքը երկարացնելու մասին առաջարկը։ Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Հիմա կգնանք «Երևան» ՔԿՀ, ժամերի ընթացքում Թավադյանը կլինի ազատության մեջ։ Դատավորն այս որոշումը հիմնավորեց` հիմնավոր կասկածի բացակայությամբ»,–ասաց պաշտպանը` հավելելով, որ ամբողջական որոշումը դեռ չեն ստացել, ծանոթ չեն։ Բայց, նրա խոսքով, այս որոշմամբ հաստատվում է այն, որ Թավադյանն ապօրինի է գտնվել կալանքի տակ։
Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ քննիչին ներկայացված միջնորդությունը` Թավադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, մերժվել է, այն կբողոքարկվի դատարանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել և այն մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Նրան կալանավորել էին դեկտեմբերի 26–ին։
Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ
Ըստ ՀՔԾ–ի`Արմեն Թավադյանը, Վարուժան Մկրտչյանը և կազմակերպված խմբի այլ անդամներ 2019 թվականի սեպտեմբերին Թավադյանի աշխատասենյակ են հրավիրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով տուժողին, առաջարկել 5 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ տված ցուցմունքներից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին սուտ ցուցմունք տալու համար։
Այս փաստերի հիման վրա Արմեն Թավադյանին և Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Գործի նախաքննությունն ավարտվել է։ Այն դատարան ուղարկելու համար տրվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին` գործի նյութերին ծանոթանալու համար: