ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Լոռու մարզի Շնող գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն գերանդիով սպանելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդամասում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ընթացքում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել և կացարանի մոտ գտնվող խոտ հավաքելու համար նախատեսված եռոտանիով դիտավորությամբ թեթև վնաս պատճառել նրա առողջությանը: Խնջույքի մասնակիցների միջամտությամբ վիճաբանությունը դադարել է, և նրանք հեռացել են:
Հերթական կրակոցները Լոռու մարզում. 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց
Այնուհետև, վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նա գնացել և ճանապարհին հանդիպել է իր հետ վիճած բարեկամին և նրան ապօրինաբար կյանքից զրկելու առերևույթ դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած գերանդիի սուր հատվածով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նախորդ օրը ստացած վնասվածքներից մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով։ Նա կկալանավորվի։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Կրակոցներ Լոռու մարզում. կա երկու զոհ, ևս երկուսը վիրավոր են