Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այս օրերին Ծաղկաձորում տիրող իրավիճակը` պատասխանելով հարցին, թե արդյոք անցել է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած խուճապը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ծաղկաձորում այժմ բավական լավ եղանակ է, զբոսաշրջիկներն էլ բավականին շատ են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման հետ կապված Ծաղկաձորում առկա իրավիճակին:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել Իտալիա ուղևորությունը և վերադառնալ

Մարտի մեկին հայտնի դարձավ, որ Իրանից ՀՀ ժամանած մի տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տղամարդը և նրա հետ առնչված 31 քաղաքացիները մեկուսացվել էին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: Դրանից հետո մի շարք քաղաքացիներ խուճապի էին մատնվել և չեղարկել Ծաղկաձորի հյուրանոցներում պատվիրած ամրագրումները:

«Հյուրանոցներում բավականին ամրագրումներ են եղել շաբաթ-կիրակի՝ տոնական օրերին: Իհարկե, կորոնավիրուսի տարածման հետ կապված առաջին օրը խուճապային տրամադրություններ եղան, սակայն հետո անցավ: Այս պահին Ծաղկաձորում կյանքն ընթանում է բնականոն հունով»,-ասաց Պետրոսյանը:

Նա հայտնեց նաև, որ Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը կանանց տոների կապակցությամբ ծաղիկներով այցելել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացված ՀՀ քաղաքացիներին:

Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հենց մարտի մեկին էին այցելեցին Ծաղկաձոր՝ քաղաքացիներին կոչ անելով չխուսափել այնտեղ այցելելուց:

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով