Ֆրոնտիկ Թևոսյանը պատրաստ է ունեցվածքը տալ համայնքին, որ փողոցն իր անունով մնա. մարզպետ

Կոտայքի մարզպետը չի հանձնվում Ֆրոնտիկ Թևոսյանի անունը կրող փողոցն անվանափոխելու հարցում. մարզպետը կրկին դատարան է դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան Նոր Գեղիի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով փողոցն անվանափոխելու գործով: Մարզպետն իր քայլի մասին հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ ընթացք է ստացել փողոցի անվանափոխման գործը։

Ռոմանոս Պետրոսյանը կլքի՞ պաշտոնը. մարզպետը խոսել է շրջանառվող լուրերի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն իր ծննդյան 72–րդ տարեդարձի առթիվ գյուղի կենտրոնական` Երևանյան փողոցն անվանակոչել էր իր անունով։ Պետրոսյանը դիմել էր դատարան` փողոցը վերանվանելու համար։

«Ես վարչական դատարան էի դիմել, որպեսզի չեղարկվի փողոցի անվանափոխման ` Նոր Գեղիի ավագանու որոշումը։ Սակայն դատարան դիմելու սահմանված ժամկետն արդեն անցնելու հիմնավորմամբ հայցը կասեցվեց։ Ես վերաքննիչ եմ բողոքարկել, ու հայցը վարույթ է ընդունվել»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` մարզպետարանի իրավաբանական բաժինն այժմ զբաղվում է այդ հարցով։

«Աբովյանի քաղաքապետը լղոզում է իրականությունը». Կոտայքի մարզպետ

Պետրոսյանի կարծիքով` եղածն անձի պաշտամունքի հետևանք է, ավելին, Ֆրոնտիկ Թևոսյանը պատրաստ է իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերել համայնքին, միայն թե մարզպետն այդ անվանափոխումը չանի: Ըստ Պետրոսյանի` արվել ու արվելու է ամեն ինչ, որպեսզի որևէ համայնքում անձի պաշտամունք չլինի։

Հիշեցնենք, որ Թևոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ նաև իր անունով է դարձրել գյուղի արվեստի դպրոցը։

Նա Նոր Գեղիի ղեկավարն է եղել 1985 թվականից և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի օգոստոսի 31-ին:

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում