Եղվարդի ծննդատանն արդեն 20-ից ավելի ծնունդ է գրանցվել. մարզպետը խոսեց ԲԿ–ի ապագայի մասին

Եղվարդի ծննդատունը կվերանորոգվի, և արդեն այս տարվա սեպտեմբերից նորածինները լույս աշխարհ կգան նոր սարքավորումներով հագեցած ծննդատանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Եղվարդի ծննդատանն այս տարի արդեն 20-ից ավել ծնունդ է գրանցվել, ծննդատունը շարունակում է իր աշխատանքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեղեկությունը հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ծննդատան փակման լուրերին:

Երեք ծննդատուն արդեն փակվել է. մարզպետն ասաց` երբ ինքը քուն ու դադար չի ունենա

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել է տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Նախարարությունն այս տարի չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին։

«Եղվարդի ծննդատունը հիմնովին կվերանորոգվի և կվերազինվի նոր սարքավորումներով: Չափագրման աշխատանքներն ավարտվել են, երկու շաբաթվա ընթացքում նախագծման աշխատանքներն էլ կավարտվեն: «Երևան» նախագիծն է աշխատանքներն իրականացնում՝ որակյալ աշխատանք է տարվելու»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ծննդատան վերանորոգման աշխատանքների ստվար մասը կֆինանսավորի մարզպետարանը՝ սեփական խնայողության հաշվին, սակայն սփյուռքում ապրող հայերը նույնպես իրենց մասնակցությունը կունենան:

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

Մարզպետը նշեց, որ նախատեսում են մարտի վերջին արդեն իսկ սկսել վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն ամառվա կեսին:

Պետրոսյանը վստահեցրեց՝  վերանորոգման և վերազինման աշխատանքներին զուգահեռ ծննդատունը կշարունակի իր աշխատանքը, քանի որ առանձին հարկաբաժնից են սկսելու աշխատանքները:

Ռոմանոս Պետրոսյանը կլքի՞ պաշտոնը. մարզպետը խոսել է շրջանառվող լուրերի մասին

Հիշեցնենք, որ մի շարք ծննդատների՝ այդ թվում Եղվարդի ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիաներ էին իրականացնում դրանց փակման որոշման դեմ։ Եղվարդի ծննդատունը 2019 թվականին ունեցել է 136 ծնունդ, մինչդեռ առողջապահության նախարարը հրահանգել է փակել 150–ից պակաս ծնունդ ընդունած ծննդատները։