Ահազանգ. Ախթալայի պոչամբարի հարակից ձորն աղտոտված է թափոնաջրերով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրի մասին տեղյակ են ու զբաղվում են դրանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Լոռու մարզի Ախթալա քաղաքին հարակից հատվածում  անտառապատ տարածքներն աղտոտված են թափոնաջրերով։ Ահազանգը Facebook-ում հնչեցրել  ու լուսանկարներ է հրապարակել  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, որը նշել է, որ  լուսանկարներն արել են Ախթալայի վանքի հարակից ձորում։

«Սա ազգային անվտանգության խնիդիր է` որ տեսանկյունից էլ նայես։ Այս ամբողջ թափոնախառն ջրերը այդպես ձորով, գետակով գնում, խառնվում են Դեբեդ գետին, ու սա փոքր խնդիր չէ։ Ինչպես երևում է` նաև հատուկ փոսեր են ձորում ստեղծված, որպեսզի թափոնները որոշակիորեն նստվածք թողնեն ու նոր գնան, խառնվեն գետին»,–գրել է Դուլգարյանը։

«Կարելի է պոչամբարները շահավետորեն օգտագործել ու դրանցից օգուտ ստանալ». Շահազիզյան

ՀԿ–ի նախագահը հայտնում է, որ Ախթալա համայնքի շրջակա բոլոր ձորերն ու ջրերն աղտոտված են թափոնաջրերով ու թափոնակույտերով։

Նա շեշտում է, որ աղտոտված գետի ջրերով ոռոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը, և որ խնդիրը խորքային լուծումներ է պահանջում։

Դուլգարյանը նաև խոստանում է, որ գնալու է իր բարձրաձայնած խնդիրների լուծման հետևից։

Սոցիալական կայքում տարածված ահազանգը հասել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին տեսչությունից։ Իրավիճակի կամ դրա հնարավոր պատճառների մասին տեսչական մարմնում առայժմ ձեռնպահ են մնում տեղեկություններ հրապարակելուց` նշելով միայն, որ տեղյակ են ու զբաղվում են խնդրով։

Վարդանյան. «Պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, խնդիրը լուրջ է»

Նշենք, որ 2018թ.–ին պետական մակարդակով հայտարարվել է Ախթալայի պոչամբարի ռեկուլտիվացիայի անհրաժեշտության մասին։

Կատարված դիտարկումներից նախարարությունում եկել են այն եզրահանգման, որ պոչամբարի պատվարը ենթարկված է էրոզիայի, դրանում կուտակված ընդերքօգտագործման թափոնների մեկուսացումը ապահով չէ:  Ջրհեռացման համակարգը բացակայում է: Պոչամբարի մակերեսի ոչ բավարար մեկուսացման պատճառով մթնոլորտային տեղումները ներծծվում են, դուրս են գալիս պատվարի հատակային մասից դրենաժային հոսքաջրերի տեսքով,  տարածվում են ռելիեֆով ու թափվում Ախթալա գետը:

Արտակարգ իրավիճակ Սյունիքում. պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել. տեսանյութ