Ռուբլու անկումը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար. Մանվելյանը փակագծեր է բացում

Հայաստանում շատերն են հիշում հնգամյա վաղեմություն ունեցող ռուսաստանյան ռեցեսիան (արտադրության համեմատաբար մեղմ անկում և տնտեսական աճի դադարեցում)։ Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, սակայն որոշ հիմնական գործոններ անփոփոխ են մնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի տնտեսության երկու հիմնական սեգմենտները` տրանսֆերտներն ու դեպի Ռուսաստան հայկական ապրանք արտահանողները, ամենաշատը կտուժեն ռուսական ռուբլու արժեզրկումից, որը կապված է նավթի գների անկման հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։

Հայաստանի տնտեսությունը` թվերով

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում աշխատում է շուրջ 500 հազար ՀՀ քաղաքացի, իսկ այնտեղից ստացվող մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը մոտ 1 մլն դոլար է կազմում։ Մանվելյանի կարծիքով` նավթի գների անկման և ռուբլու դեվալվացիայի հետևանքով առաջին հարվածը կզգան տրանսֆերտները։

Նավթի գները 30%–ով նվազեցին այն բանից հետո, երբ մարտի 6-ին ՕՊԵԿ–ի երկրները չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ո՛չ արդյունահանման կրճատման վերաբերյալ գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ էլ նրա երկարացման շուրջ։ Նավթի գների անկման ֆոնին աճեց ռուբլու նկատմամբ դոլարի և եվրոյի կուրսը։

Հայաստանում շատերն են հիշում հնգամյա վաղեմության վիճակը, երբ ռուսական ռուբլու դեվալվացիան և ռեցեսիան ամենաբացասական ձևով անդրադարձան Հայաստանի տնտեսության վրա։

Փաշինյանի հայտարարության հետքերով. ի՞նչ ճակատագիր կունենա եկամտահարկի վերադարձի ծրագիրը

Հանուն արդարության նշենք, որ մարտը, ինչպես և ապրիլը երբեք չեն տարբերվել դրամական փոխանցումների առատությամբ։ Որպես կանոն` քաղաքացիները խոպան են գնում մոտավորապես մարտի վերջից, իսկ փոխանցումները սկսվում են մայիսից։ Հիմնական դրամական հոսքը լինում է նոյեմբեր–դեկտեմբերին։ Այդ առումով չի բացառվում, որ մինչ այդ իրավիճակը կկայունանա։

Բայց, ցավոք, խոսքը հիմա միայն տրանսֆերտների մասին չէ։ Բացի մասնավոր փոխանցումներից, ռուբլու կուրսի անկումը կազդի նաև ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության նվազմանը։

Ինքնանպատակ հարկահավաք. «Տնտեսությունը ֆինանսապես քամվում է»

«Հայաստանից արտահանվող արտադրանքը դոլարային արտահայտությամբ կարող է թանկանալ, ինչն էլ կհանգեցնի դրա մրցունակության նվազմանը։ Իսկ Հայաստանից արտահանման կրճատումը` ավելի վատ սցենար է, քան տրանսֆերտները»,– ասաց Մանվելյանը։

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունն այսօր արդեն պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի առաջացած ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Ներկայումս Մանվելյանը նման քայլեր չի տեսնում։ Համենայնդեպս, նրան այդ մասին որևէ բան հայտնի չէ։

Մյուս կողմից`նավթի գների անկումը կհանգեցնի բենզինի և դիզվառելիքի անկման։ Այդ առումով շարքային սպառողները կարող են որոշակի դրական արդյունք նկատել։ Սակայն փորձագետը նշում է, որ բենզինը չի էժանանում նույնքան կտրուկ, որքան նավթը, բացի այդ, նավթի գների ազդեցությունը բենզինի գնագոյացման վրա առավելագույնը 20% է։

Նոր օրենքն ավելի կծանրաբեռնի դատարանները. Մարգարյանը մտահոգ է

Մանվելյանը քիչ հավանական է համարում նաև նավթի գնի անկման հետևանքով գազի գնի նվազումը։ Հայտնի է, որ ռուսական գազի գինը` ի թիվս այլ գործոնների, կախված է նաև նավթի գներից։ Սակայն փորձագետը նշում է, որ այդ կապը արհեստական բնույթ է կրում, դրանում որևէ տնտեսական տրամաբանություն չկա։ Չի կարելի բացառել, որ հայկական կողմը բանակցությունների ժամանակ կխաղարկի այդ քարտը, սակայն պետք չէ դրանից մեծ սպասելիքներ ունենալ։

Հիշեցնենք, որ նավթի գների ներկայիս անկումը ամենառեկորդայինն է` 1991 թվականից ի վեր (Պարսից ծոցում պատերազմի ավարտից հետո)։