Հեղինակավոր կազմակերպության վերլուծության համաձայն` վերջին 5 տարիներին Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք–զինամթերքի ներկրումը նախորդ հնգամյակի` 2010-2014 թվականների համեմատ։
Արծրուն Հովհաննիսյանը, թեև կարևորում է վերոհիշյալ հաստատության արժեքն ու հեղինակությունը` նշելով, որ այդ մակարդակի քիչ կառույցներ կան, բայցևայնպես վերլուծությունը նրա համար նորություն չէ։
«Մենք բազմիցս նշել ենք, որ թե՛ պետական, թե՛ գերատեսչական, թե՛ փորձագիտական մակարդակում Հայաստանի կողմից տրվել էին այդ գնահատականները։ Վերջին 2-3 տարիների ընթացքում ՀՀ–ն շեշտակի ավելացրել է զենք–զինամթերքի, հատկապես նորագույն զինատեսակների ձեռքբերումները։ 2018-19թթ.–ին մենք հերթական մեծ ձեռքբերումն ունեցանք կործանիչների, հակաօդային պաշտպանության համակարգերի տեսքով։ Դրանից առաջ էլ տեղի էին ունեցել ձեռքբերումներ, և դա գաղտնիք չէ»,– նշում է փորձագետը։
Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` այդ ամենը մեր զինված ուժերի մարտունակությունը զգալիորեն բարելավել է` մեծացնելով ներուժը թե՛ պաշտպանողական, թե՛ հարձակողական մարտավարության առումով։
Անդրադառնալով նույն զեկույցի այն հատվածին, ըստ որի նախորդ հնգամյակի համեմատ Ադրբեջանը 40 տոկոսով նվազեցրել է զենք–զինամթերքի ներկրումը, Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ նույնիսկ այդ տեմպերով` զենքի ձեռքբերման ծավալներով Բաքուն Երևանին գերազանցել է ավելի քան երեք անգամ։ Թեև, ըստ նրա, դրանում էլ նորություն չկա. իրականում Ադրբեջանի ձեռքբերումները նախկինում մեծ ծավալներ էին կրում, հատկապես 2011թ.–ից սկսած, երբ Ադրբեջանը զգալի չափով զենք–զինամթերք գնեց Իսրայելից, ՌԴ–ից և այլ պետություններից։ Այդուհանդերձ, Հայաստանի վերջին շրջանի ձեռքբերումները հանգեցրին տարբերության զգալի կրճատման։
Ադրբեջանը լուսադեմին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊՆ
«Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հայտնվել են ամենառազմականացված երկրների ցուցակում։ Հակված չեմ այն մտքին, որ ձեռքբերումների մեջ երկուստեք հատկապես շատ են հրթիռները, որովհետև դրանք ինֆորմացիոն տեսակետից երևացող մասն են, այսինքն` տարվա ընթացքում ծախսված գումարների ու ձեռքբերումների մեջ մեդիայի համար գրավիչ է «Իսկանդերը», «Տորը», «Սու–30»-ը կամ «Լորան», բայց շատ քիչ գրավիչ է խոսել, օրինակ, հրետանային մարտապաշարների ավելացման կամ կապի ու կառավարման համակարգերի մասին, որոնք նույնպես լուրջ ձեռքբերումներ են և էականորեն նպաստում են մարտունակության բարձրացմանը»,– նշում է ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակը։
ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան
Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` ընդհանուր զսպման մեխանիզմների տեսության մեջ, իհարկե, ընդունված երևույթ է, որ գերռազմականացված կողմերի պարագայում սթափ դատողությունն ավելի մեծանում է և քչանում է արկածախնդրության հավանականությունը։