ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի. տեղեկությունն այսօր լրագրողներին փոխանցել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«Մեր կենտրոնում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 15 դեպք», - ասել է նա։
Նրա խոսքով ՝ վարակվածներից մեկը Վրաստան է ժամանել Իսպանիայից, սակայն երկար ժամանակ շփվել է իտալացիների հետ։ Առաջին երեք վարակված քաղաքացիների վիճակը կայուն է, չորրորդինը` բժիշկները գնահատում են կայուն ծանր, նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ, ջերմությունը` 38-39 աստիճան է:
«Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ախտանիշները ՝ ինչ-որ մեկի մոտ հազ է, մյուսի մոտ՝ մրսածություն, մեկի մոտ ՝ կոկորդի ցավ»,-ասել է Էզուգբայան ։
Նա նշել է, որ բժիշկները ուշադիր հետևում են հիվանդների առողջական վիճակին, քանի որ կորոնավիրուսի այս տեսակը կարող է անսպասելիորեն զարգանալ: Այդ նպատակով օրական 2-3 անգամ իրականացվում է հիվանդների հետազոտություն։
Կրակոտ պար կորոնավիրուսի դեմ. «Դոմոդեդովոյում» կինը խուճապ է ցրում. տեսանյութ
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր վերջին շրջանում գտնվել են եվրոպական երկրներից մեկում, հատկապես Իտալիայում, Վրաստան վերադառնալուց հետո, 14 օրով հնարավորինս նվազագույնի հասցնել արտաքին աշխարհի հետ շփումները, իսկ վարակի ախտանիշներ նկատելու դեպքում ՝ դիմել բժշկի:
Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները
Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 109 հազարը, վարակի զոհ է դարձել 3806 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։