«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր

Ակցիայի մասնակիցները Վարդանանց հրապարակից շարժվեցին նախ դեպի Շիրակի մարզի դատախազություն, ապա Գյումրու Պռոշյան փողոց` այն տան մոտ, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա մի կին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այսօր`մարտի 9-ին, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ խաղաղ ակցիա անցկացրին «Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը» կարգախոսով: Նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր:

Գյումրիում ծեծված աղջիկը բառեր է ասել. ովքեր են հետաքրքրվում նրանով

Ակցիայի մասնակիցները, վանկարկելով «Ո՛չ բռնությանը», Վարդանանց հրապարակից շարժվեցին նախ դեպի Շիրակի մարզի դատախազություն, ապա Գյումրու Պռոշյան փողոց` այն տան մոտ, որտեղ մարտի 5-ին դաժան ծեծի հետևանքով մահացել էր 43-ամյա մի կին ու ծանր վիրավորվել էր նրա 13-ամյա  դուստրը:

«Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ հասարակության լռությունը: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, և նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլևս տեղ չունի այս կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- նշեց «Կանանց իրավունքների տուն» հկ նախագահ Կարինե Դավթյանը:

«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր

Ըստ մասնակիցների` ակցիան հենց այս փողոցում  անցկացնելը նպատակ ուներ խոսելու հասարակության անտարբերության մասին: «Առողջ հասարակությունը պետք է դեմ լինի բռնությանը. ոչ մի արդարացում չկա դրան: Այս դարպասներից այն կողմ երիտասարդ կնոջ սպանություն տեղի ունեցավ, իսկ անչափահաս երեխան ծեծի ենթարկվեց, քանի որ հասարակությունն  անտարբեր էր։ Եթե չլռեին բռնության դեպքերի մասին, այս դեպքը տեղի չէր ունենա»,- նշեց «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը:

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ. հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: «Մենք հետամուտ ենք լինելու, որ հնարավորինս ծանր պատիժ լինի, իսկ բռնության ենթարկվողը չպետք է մեկուսանա և լռի այդ մասին»,-նշեց Կարինե Դավթյանը:

«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր

Ի դեպ, ըստ երթի կազմակերպիչների` 2020 թվականի հունվարից մինչ օրս Հայաստանում կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել:

Հիշեցնենք` մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Նրանք մայր ու դուստր են: