ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սևան» ազգային պարկի տեսուչները տարիներ շարունակ տարբեր հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ. դրա վկայությունն են վերջին շրջանում նման փաստերով հարուցված տասնյակ քրեական գործերը։
Որպես ձկան ապօրինի որսի դեմ պայքարի միջոց` նախարարությունը որոշել է օրինականացնել այն։
«Մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու, և այդ մասին հրամանը շուտով կմշակվի։ Զուգահեռ փոփոխություններ են կատարվելու նաև հարկային օրենսգրքում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կատարվի»,– հայտնեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն մինչև տարեվերջ, և արդեն այս տարի Սևանում որսը կլինի միայն օրինական` փաստաթղթերով արտոնված։
«Եթե կտեսնեք, որ սիգ է վաճառվում, դա կլինի օրինական, թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը վճարած, ձկնորսի որսած ձուկ»,– ասաց Գրիգորյանը։
Ըստ նախարարի` տարեկան արտոնված որսը կկազմի 200-250 տոննա։ Վերջնական ծավալը կորոշի ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը։
Ինչ վերաբերում է այդ պարագայում Սևանին սպառնացող էկոլոգիական աղետի վերաբերյալ մտահոգություններին, ապա Գրիգորյանը վստահեցրեց, որ Սևանում կա ձուկ, ընդ որում` ոչ մանրաձուկ։
Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում
«Պաշարներն ուսումնասիրվել են։ Անցյալ տարի արդյունագործական պաշարն ընդհանուր 750 տոննայի չափ էր գնահատվել, այս տարի` մոտ 700։ Բայց սիգի ընդհանուր պաշարը մոտ 3000 տոննա է»,– ասաց նա։
Գրիգորյանը, սակայն, չթաքցրեց, որ օրինական ճանապարհով որսված ձուկն ավելի թանկ է լինելու, քան այսօր փողոցում վաճառվող ապօրինի որսվածը։
Կանանց յոթնյակը գաստրոբակ է բացել Արագյուղում. ի՞նչ անակնկալներ են սպասում զբոսաշրջիկներին