Ինչպես Ռուբեն Բաղդասարյանն անփոխարինելի դարձավ նորաձևության աշխարհում. լուսանկարներ

Ապրել Լոս Անջելեսում և մշտապես գտնվել համաշխարհային նորաձևության հայտնիների շրջապատում․ այսպես կարելի է նկարագրել Ռուբեն Բաղդասարյանի՝ նորաձևության պահանջված պատկերազարդողի առօրյան, որը հասցրել է աշխատել նորաձևության աշխարհի տիտանների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Նորաձևության պատկերազարդող Ռուբեն Բաղդասարյանի աշխատանքներն ու սոցցանցերում նրա էջերը տարածում են ամերիկյան բոհեմի գլխավոր աստղերը։ Երիտասարդը, որը 2014թ-ին ավարտել է Երևանի պետական Գեղարվեստի ակադեմիան,հասցրել է հոլիվուդյան աստղ դառնալ․ նրան հրավիրում են նորաձևության աշխարհում բոլոր կարևորագույն միջոցառումներին։

Չնայած Ռուբենը Լոս Անջելես տեղափոխվել է 2015 թ-ին, արդեն հասցրել է աշխատել նորաձևության այնպիսի գիգանտների հետ, ինչպիսիք են Dior-ը,

Balenciaga-ն, Lemaire-ը և Koche-ը։ Ռուբենն իր աշխատանքը ուրախությամբ կախվածություն է անվանում, քանի որ չի կարող ապրել առանց արվեստի։

Բացի նորաձևության շոուների իլյուստրացիաներից՝ Բաղդասարյանն օգնել է պրինտներ մշակել Բեյոնսեի կապսուլային հավաքածուի համար, մասնակցել է Vogue-ի, Billboard-ի և MTV-ի նկարների ստեղծմանը։

Բազմաթիվ ցուցադրություններից մեկը, որոնց նկարազարդումն արել է Ռուբենը, Jacquemus բրենդի մեծ աղմուկ բարձրացրած «Ծաղկային դրախտն» է։ Այդ շոուի համար պոդիումը կառուցվել էր լավանդայի դաշտում, ինչը ևս կարևորագույն հետք թողեց  հայ նկարազարդողի կարիերայում։

Ռուբենի երկրպագուների շարքում քիչ չեն աստղերը` Հոլիվուդի գլխավոր դիմահարդար (և համատեղ՝ Քարդաշյանների ընտանիքի «հայերենի ուսուցիչ») Հրուշ Աճեմյանը ակտիվորեն զբաղվում է համերկրացու առաջխաղացմամբ։ Երիտասարդն էլ սիրով պատկերում է նրան ամբողջ գեղեցկությամբ։


Քանի որ Բաղդասարյանն իր աշխատանքները հրապարակում է Instagram–ում` հանգիստ կարելի է ինքնուրույն գնահատել երիտասարդ նկարազարդողի տաղանդը։