Ջերմ զրույց և Դեմիրճյանի մասին գիրք. նախագահը հյուրընկալել է Դեմիրճյանի այրուն

Արմեն Սարգսյանն ու Ռիմա Դեմիրճյանը հիշել են դրվագներ՝ կապված երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք:

Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ: Նախագահը բարձր է գնահատել Կարեն Դեմիրճյանի պետական-քաղաքական գործունեությունը և նշել, որ նրա անունը հավերժ գրանցված է մեր ժողովրդի հիշողության մատյանում:

Տիկին Դեմիրճյանը տեղեկացրել է, որ Կարեն Դեմիրճյանի թանգարանը նրան նվիրված գիրք է պատրաստում, որտեղ տեղ կգտնեն Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, լուսանկարներ, նրա նամականին, հուշեր նրա մասին: Նա խնդրել է Հանրապետության նախագահին՝ աջակցել գրքի հրատարակմանը, ինչին նախագահ Սարգսյանը սիրով համաձայնել է:

Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը խոսել են նաև «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի գործունեության ու ծրագրերի մասին:

Հիշեցնենք`Դեմիրճյանը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, 1999 թվականի մայիսին Ազգային ժողովի նախագահ է ընտրվել։

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար անհրաժեշտ գումարն արդեն կա