Ինչպես է ստեղծվել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշակոթողը. պատմում է գյումրեցի քանդակագործը

Քանդակագործն Ալբերտ Վարդանյանն ասում է, որ իր «Ազդեցություն-հակազդեցություն» հուշակոթողը անարյուն պայքարի կոչ է սերունդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը համոզված է, որ երբ իր նախագիծը միս ու արյուն ստանա, շատ ավելի հետաքրքիր կլինի, քան մանրակերտը։

Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մրցույթում 12 աշխատանքների շարքում լավագույնն է ճանաչվել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» գործը: Հուշակոթողը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում: 

Ինչպես է ստեղծվել Մարտի 1-ի զոհերին նվիրված հուշակոթողը. պատմում է գյումրեցի քանդակագործը

Գյումրեցի քանդակագործն ասում է, որ կոթողի գաղափարը վաղուց է հղացել:

«Սա այդ օրերի անհանգստությունն իմ միջից հանելու լավագույն տարբերակն էր: Ես քանդակագործ եմ, ու իմ զգայական դաշտն ու ապրումները ձև ընդունելով են իմ միջից դուրս գալիս: Իմ մեջ խմորումներ կային, այս կոթողի նախագծում զգացողություններս ավելի եմ սրել»,- Sputnik Արմենիային պատմեց Վարդանյանը և ավելացրեց` հուշակոթողն ուղերձ ու կոչ է սերունդներին, որ նման դեպքեր տեղի չունենան, որ ցանկացած պայքար անարյուն լինի:

Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրվել, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները։

«Առաջադրանքն իմ սրտով էր, որովհետև երբ հերթը հասնում է դեմքերին, դա ֆիլմի է վերածվում, իսկ քանդակը ֆիլմ չէ, այլ ամբողջացրած ծավալ, որը կարող է ընդհանուր տպավորություն ու տրամադրություն արտահայտել»,– ասաց Վարդանյանը:

Քանդակագործն անդրադարձավ նաև հուշակոթողի անվանմանը` «Ազդեցություն-հակազդեցություն»։

«Ժողովուրդ և իշխանություն գաղափարների մշտական պայքարն է, որը դարերից է գալիս: Անհանդուրժողականությունը միշտ է եղել, սա նոր չէ: Նոր չէ նաև հակադրությունը, միայն թե երբ ողբերգություն է տեղի ունենում, դա է ցավալի»,– ասաց նա։

Ինչպես վարպետ Օնիկը մերժեց Վազգեն Առաջինին, և ինչու Վեհափառը հասկացավ նրան

Այս պահին հարթաքանդակի հիմնական աշխատանքները դեռ չեն մեկնարկել. գործն ընթացք կստանա պայմանագիրը կնքելուց հետո:

Հեղինակը չի բացառում, որ մանրակերտը քարին ու բրոնզին իրական չափերով հանձնելու ժամանակ կարող են որոշակի փոփոխություններ լինել, բայց համոզված է, որ դրանք միայն դրական փոփոխություններ կլինեն:

«Տեղայնացնելու շատ բաներ կան: Մի բան է փոքր ծավալի վրա անել, մեկ այլ բան` ավելի մեծի: Ամեն դեպքում այն դեռ կհղկվի ու ավելի հետաքրքիր և արտահայտված կլինի»,– վստահեցրեց նա:

Նշենք, որ 2006 թվականին Գերմանիայի Բոխում քաղաքում տեղադրվել է Ալբերտ Վարդանյանի «Խաղաղության ձոն. Պուլսար» հուշարձանը։ Վարդանյանը մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների, արժանացել է մրցանակների, պատվոգրերի։ Նրա աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Լեհաստանում, Հոլանդիայում, Էստոնիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում, Բելգիայում։

Բնօրինա՞կ, թե՞ կրկնօրինակ. կազմակերպիչները զարմացած են «Դալի և Պիկասո»–ի շուրջ աղմուկից