ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնում ենք. վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արա Անանյանին ենք հարցնում։ Ասում են` մի փոքր պետք է սպասենք։ Ես և մեր լուսանկարիչը խոսում ենք, կատակում ժամանակը կարճելու համար, և ներս է մտնում բժիշկը։ Լուսանկարչի հոնքերը մի փոքր վերև են բարձրանում։ Չնայած պատմել էի, բայց չէր ֆիքսել, որ Անանյանը սայլակի օգնությամբ է տեղաշարժվում։
Անցնում ենք գործի։ Անանյանի անմիջական շփումից չեմ էլ զգում` երբ ավարտվեց մեր զրույցը և սկսվեց հարցազրույցը, ուստի սկզբում խուճապի մատնված նայում եմ ձայնագրիչին` չե՞մ մոռացել միացնել։ Չեմ մոռացել։
Անանյանը պատմում է` բժիշկ դառնալը մանկության երազանք է եղել, և համալսարան ընդունվել է հենց սրտի վիրաբույժ դառնալու նպատակով։ Ավելին, կրթության ընթացքում մտնելով այդ աշխարհ` համոզվել է, որ ճիշտ որոշում է կայացրել։
«Բժիշկ դառնալու համար ինչ–որ բան քեզ պետք է կապի այդ մասնագիտությանը, պետք է սիրես մասնագիտությունդ։ Իսկ աշխատանքի ընթացքում առաջացած բարդությունները քեզ չպետք է վախեցնեն։ Իմ դեպքում, օրինակ, յուրաքանչյուր բարդություն հաղթահարելուց հետո ավելի վստահ եմ առաջ գնացել»,–ասում է Անանյանը։
Նա, ի դեպ, համամիտ չէ տարածված այն կարծիքի հետ, թե բժիշկը պետք է սառնասիրտ լինի։ Ավելին, կարծում է, որ անգամ ամենախոր գիտելիքներ ունեցող բժիշկը կձախողի, եթե հիվանդով չապրի։ Անանյանը նշում է` պետք է բուժել ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին։ Մյուս կողմից, սակայն, հիվանդի կյանքով չափից շատ ապրել էլ պետք չէ, իսկ զգացմունքները ճիշտ բալանսավորել կարողանալու համար տարիների փորձ է անհրաժեշտ։
Անանյանը հիվանդներին լավ է հասկանում. 2012–ի ողբերգական ավտովթարից հետո ինքն էլ երկար ժամանակ պացիենտ է եղել (2012–ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Անանյանի երկու բժիշկ ընկերները մահացել են, իսկ ինքը զրկվել է քայլելու կարողությունից)։ Բժիշկն ասում է` հիվանդի կարգավիճակում լինելու ընթացքում բժշկության մասին բարձր կարծիքի է մնացել։
«Հետաքրքիր անկյուն է. երբ ինքդ ես բժշկությանը նայում որպես հիվանդ, բոլորովին ուրիշ աշխարհ է բացվում։ Ես հպարտանում եմ մեր բժիշկներով»,–ժպիտով ասում է Անանյանը։
Այժմ Անանյանի կերպարը շատերին է ոգեշնչում, ուժ տալիս։ Բժիշկը հաճախ է նկատում, որ հիվանդը կամ էլ հիվանդին խնամողը որպես օրինակ հենց իրեն են բերում` ասելով, որ եթե նրա մոտ ստացվում է ամեն ինչ, ուրեմն իրենց մոտ էլ կստացվի։
Դուռը կամաց փակեք. գիտե՞նք, թե ում ենք վստահում մեր կյանքը
Անանյանի դեմքին գոհունակության ժպիտ է հայտնվում։ Մի պահ լռում է, հետո հավելում, որ եթե նույնիսկ աննշան կարողացել է իր կերպարով օգնել որևէ մեկին, միայն ուրախ է։
Վիրաբույժի կյանքում, սակայն, հենաշարժողական խնդիրներն իրենց հետ նաև մի շարք այլ խնդիրներ են բերել` Անանյանն այժմ չի զբաղվում սիրած աշխատանքով` վիրահատություններով։ Նրա կերպարը որքան էլ ոգևորիչ լինի, միևնույն է, շատերը պատրաստ չեն նրան վիրահատարանում տեսնել։ Բժիշկը չի էլ թաքցնում, որ վիրահատարան չմտնելն իր համար սթրես է, ավելին, մինչև հիմա չի համակերպվում դրա հետ ու հույս ունի` դեռ գալու է այն օրը, երբ նորից կկարողանա նշտարը ձեռքը վերցնել։ Բացի այդ, Անանյանի համար Երևանում զբոսնելը, սրճարան այցելելն է դժվարացել։
«Երևանը հարմար չէ սայլակից օգտվողների համար, և եթե չունենաս ուղեկցող, քաղաքում տեղաշարժվելն անհնար է։ Եթե անգամ որևէ կառույց թեքահարթակ ունի, միևնույն է, քեզ հաջողվում է միայն ներս մտնել, իսկ հարկերը հաղթահարել արդեն չես կարողանում»,–նշում է բժիշկը։
Սակայն նա նաև հավելում է, որ ճիշտ է, կամաց–կամաց, սակայն փոփոխություններ կան և նորակառույցների դեպքում երբեմն փորձում են նաև մատչելիության մասին էլ մտածել։
Անանյանը լավատես է. երբ ինչ–որ խնդրի մասին է խոսում, մեկ է, վերջում ասում է, որ դա էլ կլուծվի։ Ասում է ու ավելացնում, որ դժվարությունների մեջ անգամ երջանիկ է։ Կայացած, տարիների փորձ ունեցող բժշկի երջանկությունն այժմ ընտանիքն ու երեք երեխաներն են, ինչպես նաև ընկերներն ու մասնագիտությունը։
Հաշմանդամությունը դատավճիռ չէ. պատմություն՝ փոքր քայլերով մեծ խնդիրները հաղթահարելու մասին
Նա, ի դեպ, երեք երեխա ունի` երկու աղջիկ և մեկ տղա։ Մեծ աղջիկը բժիշկ է դառնալու, չնայած հայրը համաձայն չի եղել դստեր որոշման հետ։ Անանյանը դեմ է եղել` տեսնելով Հայաստանում բժիշկների կարգավիճակը, խնդրահարույց դեպքերում հասարակության վերաբերմունքն իրենց հանդեպ։ «Չէի ցանկանա, որ աղջիկս այդ ճանապարհն անցներ»,–անկեղծանում է բժիշկը։
Հարցազրույցն ավարտում եմ, սակայն զրույցը` ոչ։ Խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներից, երբ հանկարծ հասկանում ենք` բժիշկն արդեն ուշանում է հիվանդանոցում նախատեսված համայցից։ Հիվանդանոցից դուրս ենք գալիս։ Ես ու մեր լուսանկարիչն իրար հերթ չտալով` ոգևորված խոսում ենք բժշկի մասին, այնքան ոգևորված, որ հիվանդանոցից դուրս գալու դուռը դժվարությամբ` մի քանի անգամ այլ սենյակներ մտնել–դուրս գալուց հետո ենք գտնում։
Հայ անվանի բժիշկը թեթևացնում է մարդկանց կյանքը. մի քանիսի փոխարեն` մեկ վիրահատություն