ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Տոնոյանը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին` ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:
ՀԱՊԿ–ից պարզաբանել են` ինչու է կարևոր Հայաստանի պաշտպանական ներուժի ուժեղացումը
Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները իրենց հանգիստն անցկացնելու հնարավորություն կունենան: