ԵՐԵՎԱՆ, 7 մարտի –Sputnik.Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեց իսպանացի երկու հանճարների` Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքների փակ ցուցադրությունը։ Ցուցանմուշները եկատերինբուրգցի հավաքորդ, գործարար Ալեքսանդր Շադրինի հավաքածուից են։
Կազմակերպիչների հաշվարկով` ամբողջ աշխարհում այս նկարներն արդեն տեսել են ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ցուցահանդեսը Երևան են բերել Մոսկվայից` մինչև այդ անցնելով 12 երկրով, այդ թվում` Բելառուսով, Չինաստանով, Լատվիայով և այլն։
Ինչ աշխատանքներ կներկայացվեն Երևանում կայանալիք «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում
Ցուցահանդեսին ներկայացված են Դալիի` 1950-ականների վերջից մինչև 1970-ականների վերջն արված աշխատանքներից։ Հենց այդ ժամանակահատվածում է նա առավել արդյունավետ զբաղվել գրաֆիկայով` ստեղծելով ավելի քան 1600 գրաֆիկական աշխատանք, որոնցում արտացոլվել են հետագայում նրա այցեքարտը դարձած խորհրդանիշները` ժամացույցներ, փղեր, հատիկավորներ, վարդ գլուխներով կանայք։ Վիմագրություններից և փորագրություններից բացի ցուցահանդեսին ներկայացված են կերամիկական իրեր և քանդակներ բրոնզից, որոնք ինչպես արտահայտվեց ինքը` հավաքորդը, իր հավաքածուի ամենաարժեքավոր մասն են։
Պիկասոյի սիրելի թեմաները ևս ներկայացված են ցուցանմուշների շարքում` ցլամարտ, կանայք, գինի։ Դրանք ինչպես կտավների, այնպես էլ 40-ականներից մինչև 70-ականների կերամիկական աշխատանքների տեսքով են։
Հավաքածուն ընդհանուր առմամբ ներառում է շուրջ 2.5 տոննա քաշ ունեցող ավելի քան 250 ստեղծագործություն, որոնք հավաքվել են մոտ երկու տասնյակ տարիների ընթացքում։
Ներկա պահին Շադրինի հավաքածուն աշխարհում չորրորդն է Դալիի աշխատանքների թվով։ Վարկանիշի առաջին հորիզոնականում է Ֆիգեյրոսի հայտնի թանգարանը, սակայն Շադրինի հավաքածուում կան նաև քանդակներ, որոնք Ֆիգեյրոսի թանգարանում գտնել հնարավոր չէ։
Բնօրինա՞կ, թե՞ կրկնօրինակ. կազմակերպիչները զարմացած են «Դալի և Պիկասո»–ի շուրջ աղմուկից
Շադրինին է պատկանում նաև «Կին-ծաղիկը» հայտնի լիտոգրաֆիան, որը երկար տարիներ կախված է եղել ամենաթաքնված անկյունում` Սալվադոր Դալիի և Գալայի ննջասենյակում։
Ամբողջ հավաքածուն, բացառությամբ մի քանի աշխատանքների, բաղկացած է փարիզյան թանգարանի սեփականատեր պարոն Լևիի, ինչպես նաև Արժելեի հավաքածուներից։ Արժելեն ժամանակին աշխատանքները նվիրել է նաև Պուշկինի թանգարանին։ Մյուս գործերը ձեռք են բերվել Christie"s և Sotheby"s աճուրդներում։
Պիկասոն և Դալին ծանոթ էին և նույնիսկ ստեղծագործական առումով ազդեցություն են ունեցել միմյանց վրա։ Ծանոթությունը տեղի է ունեցել 1926 թվականին։ Պիկասոն, որն ընդունել էր երիտասարդ նկարչին և ողջունել նրա հանդուգն նախաձեռնությունները, նույնիսկ որոշ ժամանակ հովանավորում էր նրան Փարիզում։ Վարկած կա, որ Դալիի` Ամերիկա կատարած առաջին ուղևորության գումարը նրան Պիկասոն է պարտքով տվել։ Ընկերական հարաբերությունները պահպանվում էին ընդհուպ մինչև 1930-ականները, երբ Իսպանիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Պիկասոն և Դալին հակադարձ հասարակական–քաղաքական դիրքորոշումներ զբաղեցրին, ինչն էլ գժտության պատճառ դարձավ։
Բազմաթիվ հակասություններից ու զուգահեռներից բացի, երկու նկարիչներն էլ ռուս կանանց հետ էին ամուսնացած։ Սալվադոր Դալիի մուսան ինչպես հայտնի է` Գալան էր, որը նրա կյանքը լցրեց շուրջ կես դար։ Իսկ Պիկասոն 1918 թվականին Փարիզի Ալեքսանդր Նևսկու տաճարում ամուսնացավ Օլգա Խոխլովայի հետ։ Թեպետ նրանց ամուսնությունը որոշակի ժամանակ անց ձևական դարձավ։ 1927 թվականին Պիկասոն սկսեց հանդիպել 17–ամյա ֆրանսուհի Մարիա–Թերեզա Վալտերի հետ։ 1935 թվականին Օլգան ընկերոջից իմացավ ամուսնու այս սիրավեպի, ինչպես նաև այն մասին, որ Մարիա–Թերեզան երեխայի է սպասում։ Վերցնելով որդուն` Պաուլոյին, Օլգան անհապաղ խզում է ամուսնու հետ հարաբերությունները, մեկնում Ֆրանսիայի հարավ ու ապահարզան պահանջում։ Պիկասոն, սակայն, հրաժարվում է ունեցվածքը հավասար կիսել, և Օլգան շարունակում է մնալ նրա օրինական կինը մինչև կյանքի վերջ։
Հիշեցնենք` «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կազմակերպել են Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահն ու «Art of the Nations» հիմնադրամը` Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Դալիի ու Պիկասոյի գործերը կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում
Ալեքսանդր Շադրինի հավաքածուից համաշխարհային ճանաչում ունեցող 2 նկարիչների 260 աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի այցելուները կկարողանան տեսնել մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը։