Ազատության հրապարակը կբարեկարգվի. քաղաքապետարանն առաջարկում է ասֆալտը հանել ու սալիկապատել

Երևանի քաղաքապետարանն Ազատության հրապարակի հարակից տարածքի ու Կարապի լճի բարեկարգման նախագծերի է սպասում։ Հայտարարված մրցույթում հաղթողը դրամական պարգև կստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը պատրաստ է 3 մլն դրամ վճարել Ազատության հրապարակի շրջակայքի վերականգնման ու բարեկարգման նախագիծ ներկայացնողին։ Այդ նպատակով հայտարարված բաց մրցույթի մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը՝ ամրագրելով այն որպես հետագա կապիտալ կառուցապատումներին զերծ, անձեռնմխելի տարածք»,– գրում է Մարությանը։

Մրցույթ անցկացնելու որոշումը Երևանի քաղաքապետն ընդունել է մարտի 5-ին։

Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը

Որոշման համաձայն` մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, որոշման ընդունումը կատարվելու է գաղտնի ընթացակարգով և միայն հաղթողին որոշելուց հետո է բացահայտվելու նրա ով լինելը։

Որպես մրցութային աշխատանքի նախապայման` քաղաքապետարանը հեղինակներին առաջարկում է ապամոնտաժել Ազատության հրապարակի ասֆալտապատ ծածկը և դրա փոխարեն նախատեսել սալահատակ։

Իսկ կանաչ գոտիներում առաջարկվում է նախատեսել հետիոտնային անցումներ ու ճեմուղիներ, բայց կանաչ ծածկույթը պետք է հնարավորինս մեծ լինի։

Տարածքում պետք է ապահովվի նաև հաշմանդամություն ունեցող խմբերի տեղաշարժման մատչելիությունը։

Ի՞նչ տեսք կունենա Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը. հաղթողին որոշել են

Կարապի լճի վերակառուցման առաջարկում պետք է հաշվի առնվի լիճը շրջակա միջավայրի հետ կապելու, նրա ներկա տեսքը պահպանելու պայմանը։

Երևանի փողոցները կմաքրեն փոշեկուլներով. տեսանյութ

Մրցութային աշխատանքների ներկայացման համար տրամադրվում է 40 օր։

Մրցութային հանձնաժողովը ղեկավարելու է Երևանի քաղաքապետը, քաղաքապետարանի պաշտոնյաներից բացի, դրանում ընդգրկվելու են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։

Նշենք, որ դրամական պարգև կստանա միայն մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը։

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում 756 շինություն կա. թողնելը մի խնդիր է, քանդելը` մեկ այլ