ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը այսօր ԱԺ ամբիոնից դատապարտեց երեկ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը` հիշեցնելով, որ մահացած կինը 2020թ-ին ընտանեկան բռնության արդեն երրորդ զոհն է։
«Ընդամենը 2 օր հետո՝ մարտի 8-ին մեզանից շատերը ծաղիկներ, փուչիկներ կառնեն, կանանց կնվիրեն, մինչդեռ շատ ավելի կարևոր է, որ մեր երկրում վերաիմաստավորվի ոստիկանության, դատախազության դերը, որպեսզի նման դեպքերն այլևս տեղի չունենան, և բռնությունն արմատախիլ արվի ՀՀ-ից»,- ասաց նա։
Իր ելույթում խնդրին անդրադարձավ նաև նույն խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նա շեշտեց, որ այդ ընտանիքում առկա բռնության մասին Գյումրիում իմացել են բոլոր հարևանները, բարեկամները, որոնք դեպքից հետո են միայն լրագրողներին պատմել, որ մորն ու դստերը հաճախ են կապտուկներով տեսել։
«Ցավոք, երբեմն մենք խոսում ենք, որ մեր հասարակության մեջ կա բռնություն, ոմանք փաստում են, որ, չէ, չկա, մեր արժեքներին դա հարիր չէ։
Կա, և ցավոք սրտի այնքան է սերտաճել, որ շատ մարդիկ դրան սառնասրտությամբ են վերաբերվում։ Իսկ նախօրեին համացանցում վիրավորանքների այն տեղատարափը, որն արդեն մահացած կնոջ հասցեին էր հնչում, զարհուրելի էր»,- ասաց կին պատգամավորը։
Ինչ առգրավեցին «Վստրեչի ապերի» տնից. խուզարկության ժամանակ մորը տեղափոխել են հիվանդանոց
Իսկ դուստրը՝ 13-ամյա աղջիկը, որը գլխուղեղի ու կրծքավանդակի սալջարդով ծայրահեղ ծանր վիճակում Գյումրիից երեկ տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ծայրահեղ ծանր վիճակում է, միացված է արհեստական շնչառության սարքին։
Բաղդասարյանի խոսքով` եթե հանրությունը շարունակի անտարբեր մնալ, այդ դեպքերն ավելանալու են։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս նշեց, որ նման հանցանքները առաջանում են անտարբերության հետևանքով ու առաջարկեց օրենսդրական կտրուկ փոփոխություններ անել։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 5-ին, ժամը 15․40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Նրանք մայր ու դուստր են: