Որոշվեց` կոնկրետ երբ Հայաստանն Իրանի հետ կանցնի վիզային ռեժիմի

Արտաքին գործերի նախարարությունը կծանուցի Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ այսուհետ վիզային ռեժիմի են անցնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց վերականգնել Իրանի հետ վիզային ռեժիմը` կորոնավիրուսը կանխարգելելու համար։ Նախագիծը կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր։

«Իրանի հետ վիզայի ռեժիմի վերականգնելու որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 7-ից: Այս մասին ՀՀ ԱԳՆ–ն կծանուցի Իրանի Իսլամական Հանրապետությանը»,– նշված է որոշման նախագծում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում որոշվել է վերականգնել Իրանի հետ վիզային ռեժիմը։

Հայաստանից իրանական բեռով գնացող բեռնատարների համար Վրաստանը փակել է մուտքը

ՀՀ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում նաև Իրանի հետ բեռնափոխադրումները սահմանափակելու ուղղությամբ` վարորդներին կոչ անելով հնարավորինս հրաժարվել Իրանի տարածք մուտք գործելուց ու այնտեղից բեռներ ներկրելուց։

Նշենք, որ այսօրվա տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակված 2922 քաղաքացի կա. հիվանդությունն Իրանում արդեն 92 մարդու կյանք է խլել։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է, որն Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Ինչպես կփոխվի ներկրողների կյանքը Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմ մտցնելուց հետո