Հայաստանի դպրոցականները որոշ դասեր կանեն տեսակապի միջոցով

Հանրակրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունների նախագծով ՀՀ կառավարությունը փորձում է լուծել դպրոցներում կուտակված խնդիրները` ուսուցչի բացակայությունից մինչև դպրոցի անվանափոխություն ու տնօրենի ընտրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայաստանյան հիմնական դպրոցներում կներդրվեն տեսակապով անցկացվող դասեր։ Նման նորամուծություն է նախատեսված ՀՀ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծով, որն այսօր խորհրդարանը քննարկեց երկրորդ ընթերցմամբ։

Առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված փոփոխությունները ներկայացնելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց` հեռավար կրթությունը կիրառվելու է բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով։

«Դիցուք` եթե երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվում, և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել»,– ասաց Հարությունյանը։

Նախարարի խոսքով` հեռահար կրթությունը Հայաստանում հատկապես կարևոր է մարզային ու սահմանամերձ այն դպրոցների համար, որտեղ որոշ առարկաների մասնագետների պակաս կա։ Հեռավար կրթության ներդրումը թույլ կտա գոնե տեսակապի միջոցով լուծել տվյալ դասաժամերի խնդիրը։

Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է

Օրենքի նախագծում որպես հեռավար կրթության իրականացման մեխանիզմ նշված են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցները:

Նույն նախագիծը նաև դպրոցների մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներին իրավունք է ընձեռում ներգրավվելու դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում:

Օրենքով կարգավորվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: Պատասխանելով պատգամավորների հարցերին` նախարարն ասաց, որ նման երեխաների հստակ հաշվարկ կառավարությունը չունի։ Հայտնի է միայն, որ Շիրակի մարզում նրանց թիվը հասնում է 2-3 տասնյակի։

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

«Կրթությունից դուրս մնացած երեխաների հարցն ամենալուրջ խնդիրներից է, և մենք արդեն կարգ ենք մշակում, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ իրավիճակ ունենք։ Տարբեր թվեր, տարբեր գնահատականներ կան`ըստ մարզերի տարբեր հետազոտությունների շրջանակներում։ Խնդիրը վկայում է, որ մենք այստեղ լուրջ անելիք ունենք, բայց նաև կամք ունենք խնդիրը լուծելու»,– ասաց նա։

Ներկայացված նախագծում, «Հանրակրթության մասին» օրենքից բացի, ներառված է նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը, որով կարգավորվում է երևանյան դպրոցների անվանափոխության կամ որևէ մեկի անունով կոչելու հարցը։

Գեղարքունիքի և Արարատի մի շարք դպրոցներ կունենան ջեռուցման ժամանակակից համակարգեր