Բացահայտվել է Հրազդանում 81-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հրազդանում 81-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա համաքաղաքացին։ Պարզվել է, որ նա տարեց կնոջը սպանելու պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 81 տարեկան կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Լոռիում 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ

81-ամյա կնոջ դին՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով, հայտնաբերվել էր 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

«Իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Հրազդան քաղաքի 35-ամյա բնակիչ է»,– նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է իր ծանոթ 81-ամյա կնոջ բնակարան, որտեղ առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել` դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:

35-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Արտակարգ դեպք Գյումրիում. «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել