Ավելի քան 30 ինստիտուտներ ուզում են մնալ ԳԱԱ–ի համակարգում

Արդյո՞ք ինստիտուտներն ուզում են դուրս գալ Ակադեմիայի կազմից` միանալ բուհերին կամ էլ ինքնուրույն միավոր դառնալ. հարցն Ակադեմիայում որոշել են փակ գաղտնի քվեարկությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Բոլոր ակադեմիական ինստիտուտները` ավելի քան 30 ինստիտուտ, փակ գաղտնի քվեարկությամբ հաստատել են Ակադեմիայի միասնական համակարգում մնալու իրենց կամքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի` շրջանառության մեջ դնելուց հետո լուրեր էին պտտվում, որ Գիտությունների ազգային ակադեմիայի որոշ ինստիտուտներ կփակվեն, իսկ որոշները կմիանան համալսարանական ֆակուլտետներին։

«Նախագծի քննարկումներից հետո կարծիքներ էին հնչում, թե ինստիտուտները դժգոհ են ակադեմիական նախագահությունից, ուզում են առանձին հետազոտական ինստիտուտներ լինեն։ Մենք որոշեցինք փակ գաղտնի քվեարկություն կազմակերպել ու հասկանալ` իրոք այդպե՞ս է։ Բոլորը միաձայն կողմ են, որ մնան ակադեմիայի կազմում»,– ասաց Մելքոնյանը։

Վիկտոր Համբարձումյանի հաջողության բանաձևը՝ տաղանդ, ճակատագիր և աշխատանք

Նրա խոսքով` ակադեմիայի տնօրինությունը շուտով այդ արդյունքների մասին տեղյակ կպահի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Մելքոնյանը չի կարծում, որ այդ քվեարկությունից հետո ինստիտուտներին իմպերատիվ եղանակով կպարտադրվի միանալ բուհերին, որը գիտության զարգացման համար կարող է վնասակար և աղետալի լինել։

Մելքոնայնը հայտնեց, որ գիտնականների ճնշող մեծամասնությունը համոզված է` ակադեմիական միասնական համակարգի պահպանությունը բխում է գիտության շահերից։ Համենայնդեպս, ըստ նրա, 75 տարվա ակադեմիայի գործունեությունը դրա վկայությունն է։

Հանրապետության հրապարակի տակ գտնվող նկուղները միայն զբոսաշրջային արժեք ունեն. Գրիգորյան

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 24–ին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր` Գիտությունների ազգային ակադեմիայի այն ինստիտուտները, որոնք անարդյունք են աշխատում պիտի փակվեն։ Արդյունավետ աշխատող ինստիտուտներին պաշտոնյան խոստացել էր պետական աջակցություն, պետական պատվեր ու ֆինանսավորման ապահովում։