Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել. Թորոսյանը խոսել է գործընկերոջ հետ

Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանում մինչ այսօր կորոնավիրուսով վարակման 3 դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսով զրուցել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. Facebook սոցցանցի իր էջում գրել է Թորոսյանը։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 90 հազարը

«Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են, և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ»,–գրել է նախարարը։

Թորոսյանը ներկայացրել է նաև Հայաստանում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները: Երկու նախարարները պայմանավորվել են այսուհետ ևս պահել օպերատիվ երկկողմանի կապը թե՛ նախարարների և թե՛ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի գործողությունները լինեն ավելի արդյունավետ:

Հիշեցնենք, որ Հայաստանում այսօրվա դրությամբ դեռ մեկ կորոնավիրուսով վարակման դեպք կա։ Դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Տղամարդն իրեն լավ է զգում, և գանգատներ չունի։

«Հային ոչ մի վարակ չի բռնի, արխային». քաղաքացիները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու մասին