ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքմենստանից Հայաստան սվոփ համակարգով գազ մատակարարելու նախագիծը ձեռնտու է ինչպես այս երկու երկրներին, այնպես էլ Իրանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՄԱԿ-ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Փետրվարի սկզբին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Թուրքմենստանից Հայաստան սվոփ համակարգով գազ մատակարարելու շուրջ բանակցությունները շարունակվում են` չնայած նախագծի իրականացմանը խանգարելու փորձերին։
«Նախագիծը միանշանակ ձեռնտու է երեք երկրներին։ Այն Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես գազի մատակարարման դիվերսիֆիկացիայի, այնպես էլ հնարավոր տարանցման առումով», – ասաց Մարջանյանը։
Իրան–Հայաստան գործող գազատարը հիմա շահագործվում է իրական հզորության 30-35%–ով։ Գազը էլեկտրաէներգիայով փոխարինելու մասին պայմանագիրը ենթադրում է, որ Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Իրան է առաքվում 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Փոխանակումն ընդլայնելու համար պետք է երրորդ էլեկտրահաղորդման գիծը կառուցել, նաև արդիականացնել Հայաստանի որոշ գեներացնող հզորությունները։
«Օրինակ` «Հրազդան» ՋԷԿ–ը սվոփի դեպքում իրանական գազն այրելու համար օգտագործելն արդյունավետ չէ։ Այլ հարց է Երևանի ՋԷԿ–ը, այն շատ ավելի արդյունավետ է գործում», – ասաց Մարջանյանը։
Նրա խոսքով` Թուրքմենստանի ու Իրանի միջև խնդիր չի առաջանա, եթե հարցը գազով փոխարինելով սահմանափակվի, ու գործը չհասնի գնագոյացմանը։
Իրանի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը դանդաղում է արտաքին ճնշման ու պատժամիջոցների պատճառով։ Դրա հետևանքով զգալիորեն դանդաղում է նաև էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Եվ այդ խնդիրն ավելի կսրվի, եթե խոսվի ավելի խոշոր նախագծերի մասին։
Մյուս կողմից էլ` փորձագետը հորդորում է ակտիվորեն աշխատել այդ նախագծի իրականացման ուղղությամբ։
«Հայաստանի պարագայում գազի գնագոյացումն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ». Մարջանյան
Նշենք` սվոփ համակարգով Թուրքմենստանից Հայաստանի գազ գնելը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք է մատակարարելու Իրանի հյուսիսային շրջաններ, իսկ Թեհրանն իր հերթին գազը Երևան է մատակարարելու։