Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու համար: Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Այս ամբողջ թատրոնն անտեղի է». Սեյրան Օհանյանը` իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին

Հիշեցնենք` մարտի 2–ին, ՀՔԾ–ն հայտարարեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով։

Հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում նախկին նախարարն ասաց, որ չի ընդունում կասկածանքը։ «Խոսքը «Ձորագետ» ՓԲԸ-ի օտարման մասին է, որն իրականացվել է կառավարության կողմից. 2002–ին այն փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010–ին` օտարվել։ Բնականաբար, ես և ՊՆ–ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ։ Կառավարության որոշմամբ փոխանցվել է, կառավարության որոշմամբ` օտարվել»,–ասաց Օհանյանը։

Բանակի գործերին չափից շատ միջամտելը կխանգարի. Սեյրան Օհանյանը` դժբախտ դեպքերի մասին

Նախկին նախարարի խոսքով` օտարման հիմնական գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետև մասնագիտական առումով «Ձորագետ» ՓԲԸ-ի արդյունավետությունը ՀՀ էներգետիկ համակարգում և նրա զարգացման ընթացքը որոշում է մասնագիտական գերատեսչությունը։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը որպես մեղադրյալ ներգրաված նաև «Մարտի 1»-ի գործում։