Վիլեն Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վկայակոչում է այն հանգամանքը, որ իրենց կառույցն ու ՀՀ առողջապահության նախարարությունը բացասական գնահատական են տվել այդ նախաձեռնությանը։ Փորձագիտական կենտրոնն այդ հարցի վերաբերյալ գրավոր կարծիք է փոխանցել ԱՆ–ին։
«Դրական կողմ դրանում ես առանձնապես չեմ տեսնում, ավելի շատ առկա է բացասական կողմը, որովհետև դեղերը փոստով ուղարկելու դեպքում բաց է մնում այն հարցը, թե ինչպես է գործընթացը վերահսկվելու»,– նշում է ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենը։
Գաբրիելյանի փոխանցմամբ` դեղն ամեն դեպքում շատ սպեցիֆիկ ապրանք է, որոշներն, օրինակ, ունեն տեղափոխման ու պահպանման հատուկ պայմաններ, և հենց այդ պատճառով էլ վերահսկողության հարցն այս պարագայում մնում է բաց։
Փորձագիտական կենտրոնն իր պաշտոնական գրության մեջ առաջարկել էր որոշումը ժամանակավորապես հետաձգել, որովհետև առաջիկայում նախատեսվում է «Դեղերի մասին» օրենքի ավելի լայնածավալ փոփոխությունների շուրջ քննարկում։ Տնօրենը հույս ունի, որ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը կլինեն լրացուցիչ քննարկումներ և իրենք կկարողանան ավելի հստակեցնել խնդիրը։
Նշենք, որ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը։