ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Վրաստանի կառավարության նոր փոփոխություններով նախատեսվում է կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մեկ այլ անցակետ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենց անձնակազմի հետ միասին)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Ռիսկային գոտուց ժամանած տրանսպորտային միջոցների վարորդներին փոխարինում են այլ ֆիզիկական անձանցով, որոնք չեն պատկանում ռիսկային խմբին։
Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողությամբ իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), որը վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։
Վրաստանի կառավարությունը որոշումը կայացրել է մարտի 2-ին` Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Երեկ մարքեթինգի հայտնի մասնագետ ու գործարար Վահրամ Միրաքյանը Facebook–ում գրել էր, որ Վրաստանի`կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված կանխարգելիչ քայլերը կարող են առաջիկա օրերին լուրջ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։
Բանն այն է, որ հայկական ընկերություններից ու անհատ ձեռներեցներից շատերը, այդ թվում` Միրաքյանը, Իրանում միրգ ու բանջարեղեն են գնում, Հայաստանում մաքսազերծում ու վաճառում ռուսաստանյան շուկայում։ Սակայն մի քանի օր առաջ հանկարծ պարզվել է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանն արգելել է իրանական ապրանքներն իր տարածքով անցկացնել։
Կորոնավիրուսը ընդլայնում է աշխարհագրությունը. ինչ կլինի եթե հայ-վրացական սահմանն էլ փակեն
«Ըստ ինձ հասած տեղեկությունների` մոտ 60 բեռնատար մեքենա, որոնք հիմնականում իրանական կիվի, խնձոր ու բանջարեղեն են տեղափոխում ռուսական շուկայի համար, մնացել է Հայաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանով, մուտքն արգելվում է: Մի բեռնատար կիվին էլ մերն է»,–գրել է Միրաքյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ` Եկատերինե Տիկարաձեի հետ և քննարկել երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
Հայաստանը փոխում է Վրաստանի հետ համագործակցության վեկտորը. Փաշինյան
Վրաստանում մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Տղամարդն իրեն լավ է զգում, և գանգատներ չունի։