ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Մեզ զրպարտում են հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու համար»

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, սահմանադրական հանրաքվեի «Ոչ»–ի քարոզչական կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Ոչ»–ի հասցեին հնչող զրպարտություններին ու ապատեղեկատվությանը։
Sputnik
Մելիքյան. «Մեզ զրպարտում են հանրության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու համար»

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, սահմանադրական հանրաքվեի «Ոչ»–ի քարոզչական կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ արդեն որերորդ անգամ ինչ–որ ուժեր արհեստականորեն լուրեր են տարածում` իբր «Ոչ»–ի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում։

«Այո»-ի և «Ոչ»-ի հանդարտությունը պայմանավորված է քարոզարշավի երկար ժամկետով. Մուկուչյան

«Բոլորը նույն սցենարով է`ինչ–որ մեկն ասել է, ինչ–որ մեկը լսել է, ինչ–որ մեկը տեսել է ձևաչափում։ Այս ամենը չի կարող համատեղելի լինել ՀՀ գործող օրենսդրության հետ, հետևաբար մենք որոշել ենք յուրաքանչյուր նման դեպքում, եթե կեղծ լուրեր տարածողը որոշակի հանրային կշիռ ունեցող անձ է, անպայման կատարել երկու գործողություն։ Նախ` ինքներս ենք հրապարակավ պահանջում ՀՀ իրավասու մարմիններից, որպեսզի քրեադատավարական ընթացք տան նման գործերին և պարզեն, թե ինչի մասին է խոսքը, և երկրորդ` յուրաքանչյուր նման դեպքում ինքներս կդիմենք դատարան, արդեն քաղաքացիադատավարական կարգով, որպեսզի մարդիկ գան դատարան և պատասխան տան իրենց խոսքի համար»,– ասաց նա։ 

Մելիքյանի համար մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ որոշ լրատվամիջոցներ այս հարցի շուրջ ձևավորում են կեղծ օրակարգ, անգամ քննարկումներ են կազմակերպում` հրավիրելով «Ոչ»–ի ներկայացուցիչներին։ Ռուբեն Մելիքյանը մերժում է նման հրավերները, որպեսզի իր և գործընկերների մասնակցությամբ չլեգիտիմացվի կեղծ օրակարգը` այն դարձնելով հանրային քննարկման առարկա։

Քարոզարշավ կա, քարոզչություն չկա. «Այո»–ն փող չունի, «Ոչ»–ը` քարոզիչ

«Այնքան իրական խնդիրներ կան այս քարոզարշավի ընթացքում։ Օրինակ` մենք փաստերով, օրենսդրական մեջբերումներով հիմնավորեցինք, որ իշխող քաղաքական ուժը չէր կարող իրականացնել 100մլն դրամից ավել դրամահավաք, սակայն դրան պատշաճ արձագանք չտրվեց և որևէ լրատվական այս կապակցությամբ քննարկում չկազմակերպեց։ Սա հիմնական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու փորձ է»,– նշեց իրավապաշտպանը։  

Մելիքյանի համոզմամբ` իրենց թիմը բավականին մեծ է, բոլորն էլ իրավաբաններ են, հետևաբար իրենցից մեծ ժամանակ չի խլում երևույթների առթիվ հայց կազմել ու դիմել դատարան։ Այդուհանդերձ Ռուբեն Մելիքյանը հակված չէ այն մտքին, որ որոշ մարդիկ կարող են նման քայլերով իրենց շեղել բուն գործառույթներից։

Որևէ կերպ չենք մտնելու քաղաքական դիսկուրսի մեջ. Մելոյանը` «Ոչ»–ի նախաձեռնության մասին

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են պտտվում, համաձայն որոնց` սահմանադրական հանրաքվեի «Ոչ»–ի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում։