ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik.Հայաստանի քաղաքացիները հայ–վրացական սահմանը կկարողանան հատել ID քարտերով։ Այս մասին այսօր ԱԺ–ում` ամփոփելով Վրաստան կատարած այցի արդյունքները, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին հուշագիր, որի արդյունքում քաղաքացիները սահմանը ID քարտերով հատելու հնարավորություն կունենան։ Մենք պայմանավորվեցինք, որ այսուհետ կանցնենք այդ հուշագրի իրացմանը»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ մարտի 3-4–ը պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, տեղի հայ համայնքի հետ։
Հայաստանը փոխում է Վրաստանի հետ համագործակցության վեկտորը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան կայացել է 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակությունը այցելեց Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան եկավ Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիան։>