Գնել ես, ապացուցիր՝ ինչով. անկախության 30 տարվա պաշտոնյաների ունեցվածքը կստուգեն

Ապօրինի հարստացման հարցում իշխանությունը մտադիր է հասնել մինչև 90-ական թվականներ ու նույնիսկ անցնել ևս 10 տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik.Հայաստանի անկախացումից ի վեր հարստացած բոլոր պաշտոնյաների գույքը կուսումնասիրվի։ Այսօր ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Եթե պաշտոնյաների ձեռք բերած գույքը գերազանցի 25 մլն դրամը, նրանք դատարանում կհայտնվեն

«Ուսումնասիրության համար ընտրվել է  1990 թ-ից այս կողմ ընկած ժամանակահատվածը»,- ասաց նախարարը։

Բադասյանի խոսքով` բացառիկ դեպքերում կառավարությունը մտադիր է ևս 10 տարով հետ գնալու հնարավորություն ընձեռել։

Նախարարը նաև մեկնաբանեց բուն օրենքում 1990 թ-ը որպես առավելագույն ժամկետ ամրագրելու որոշումը։

«Մենք նախատեսում ենք, որ փաստացի ունեցվածքը պետք է համեմատվի մարդու օրինական եկամուտների հետ։ Հիմա եթե օրինական եկամուտների մազին տեղեկությունները ձեռք բերեցինք, անմեղության կանխավարկածն է գործում և տվյալ անձը պիտի բերի ապացույցներ, որ գույքը ձեռք է բերվել օրինական վաստակած եկամուտներով։ Որքան ժամանակը երկար է, այնքան դժվարանում են այդ ապացույցները ներկայացնելու հնարավորությունները»,- նշեց նա։

Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց

Նշենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` պաշտոնյանների` 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։
Այն ընդունելուց հետո պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։
Օրենքը ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառելի չէ, դրա շահառուները լինելու են բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաները։