Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դեր ունենալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Աննա Նաղդալյանը նշել է, որ Թուրքիան չի կարող միջամտել այս հարցին, քանի որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, իսկ Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։ Այսպես է արձագանքել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է որոշում ընդունի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում»։

«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին

Նաղդալյանը նշել է, որ Թուրքիան չի կարող միջամտել այս հարցին, քանի որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ։ 

Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարարը մարտի 2–ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել է ավելի արդյունավետ աշխատել

Հանդիպման ժամանակ նա ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը և որոշում ընդունի ի օգուտ Ադրբեջանի։

Սրան հետևեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Twitter–ում։ 

«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո», գրել էր Մնացականյանը` նշելով, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրված խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը։