ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik.Հայաստանի և Վրաստանի ներդրումային գրավչությունը կբարձրանա, եթե երկու երկրները դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական տարածք։ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկրները հսկայական չօգտագործված ներուժ ունեն, և մեր օրակարգի նպատակն այն բացահայտելը և օգտագործելն է», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Երևանն ու Թբիլիսին բազմաթիվ հնարավորություններ ունեն տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Այդ հարցում հատուկ դեր է խաղում ժողովրդավարացումը։ ՀՀ վարչապետի պատկերացմամբ` եթե Վրաստանն ու Հայաստանը դիտարկվեն որպես միասնական ժողովրդավարական գոտի, դա կբարձրացնի երկու երկրների ներդրումային գրավչությունը։
Հայաստանն ու Վրաստանն ունեն ընդհանուր մարտահրավերներ. Մելիքյանը` Փաշինյանի այցի մասին
Փաշինյանը համոզված է, որ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն ու ազատ առևտրի գոտու մասին Վրաստանի և ԵՄ–ի միջև ստորագրած համաձայնագիրը լուրջ հնարավորություններ են ստեղծում երկու երկրների համար։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի` եվրատլանտյան ինտեգրման ձգտումին։ Այնպես է ստացվել, որ մեր երկրները տարբեր պատկերացումներ ունեն անվտանգության համակարգի մասին»,–ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, սակայն, որ դա չի խանգարում Հայաստանին Վրաստանի համար անվտանգության սպառնալիք չհանդիսանալ և հակառակը։ Նա ողջունում է խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման վերաբերյալ Վրաստանի տեսլականը։ Սակայն տարածաշրջանում առկա հակամարտությունները միմյանց նման չեն, նշել է Փաշինյանը։
«Հակամարտությունները տարբերվում են իրենց բովանդակությամբ, պատմությամբ, ծագման պատճառներով և խորությամբ։ Եթե դրանք հնարավոր լիներ լուծել մեկ ընդհանուր բանաձևի օգնությամբ, դրանք վաղուց լուծված կլինեին»,–ասել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ յուրաքանչյուր հակամարտություն Երևանը դիտարկում է իր առանձնահատկությունների լույս ներքո։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է երկօրյա աշխատանքային այցով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Վրաստան կայացավ 2018 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության այցը Երևան։ Իսկ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելեց Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիան։
Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում. Արմեն Գրիգորյան