ՌԱԴԻՈ

Համբարձումյան. «Հայ-վրացական սահմանի փակումը հնարավոր չէ, դա այժմ մեր միակ ուղին է»

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իրանական ծագման միրգ ու բանջարեղեն տեղափոխող մոտ 60 հայկական բեռնատարի` սահմանին մնալու խնդրին։
Sputnik
Համբարձումյան. «Հայ-վրացական սահմանի փակումը հնարավոր չէ, դա այժմ մեր միակ ուղին է»

Հերբերտ Համբարձումնը տեղյակ է խնդրի մասին, թեև դժվարանում է այս պահին մեքենաների կոնկրետ թվաքանակ նշել։ Փոխադրողների ասոցիացիայի նախագահի փոխանցմամբ` անցյալում նույնպես եղել են դեպքեր, երբ բեռնատարներն ունեցել են խնդիրներ։ Նա հիշատակեց հայկական կազմակերպություններից մեկի կոնյակի խմբաքանակի հետ կապված պատմությունը։ Խմբաքանակն առաքվել էր ոչ հայկական ֆուռերով, Վրաստանում ստուգվել էր, առաջացել էին խոչընդոտներ։

Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի. նախարար

«Իրանական ապրանքների հետ կապված վերջերս նույնպես առաջացել էր խնդիր, և խնձորով բեռնված մեքենաներից մեկը վերադարձել էր Իրան։ Մեքենան մտել էր Հայաստան, սակայն Բագրատաշենի մաքսատնից այն կողմ չէր անցել, վրացական կողմն արգելել էր մուտքը»,– նշում է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը։

Ինչ վերաբերում է զուտ հայկական ապրանքով բեռնված հայաստանյան ֆուռերին, ապա նրանք, ըստ Համբարձումյանի, սովորաբար խնդիրներ չեն ունենում, եթե չլինեն ֆորս–մաժորային իրավիճակներ։ Ըստ նրա` ներկայումս Վրաստանում կանգնած են մի քանի բեռնատար, և այդ հանգամանքը պատճառաբանվում է սողանքների առկայությամբ։ Վտանգը չեզոքացվելուց հետո նրանք բարեհաջող կհասնեն նպատակակետին։

Իրանից Հայաստան ՀՀ քաղաքացիներ եկել են ու դեռ կգան, սահմանները փակելու կարիք չկա. նախարար

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կորոնավիրուսի պատճառով Վրաստանն ընդհանրապես արգելի Հայաստան եկող կամ մեր երկրից գնացող ցանկացած բեռնատարների մուտքը կամ ելքը, Հերբերտ Համբարձումյանն ասում է, որ հայ-վրացական սահմանի փակումը հնարավոր չէ, դա այժմ մեր միակ ուղին է, ներմուծման և արտահանման միակ ճանապարհը։

Թուրքիան բացել է Եվրոպայի հետ սահմանը սիրիացի փախստականների համար

Նշենք, որ մարքեթոլոգ, գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուղեբեռը նախատեսված էր ռուսական շուկա արտահանելու համար։ Վրացական կողմն արգելքը պատճառաբանում է կորոնավիրուսով, թեև վրացի մաքսավորների համար համոզիչ չէ այն հանգամանքը, որ կարծր մակերեսների վրա վիրուսը 48 ժամից ավելի չի մնում։