ՌԱԴԻՈ

Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»

Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ամերիկյան փորձագետների, մասնավորապես, «Bank of America»-ի ներկայացուցիչների կանխատեսումներին, որոնց համաձայն` 2020թ–ին համաշխարհային տնտեսությունը կարող է փլուզվել կորոնավիրուսի պատճառով։
Sputnik
Քթոյան. «Կորոնավիրուսը չի կարող համաշխարհային տնտեսության փլուզման պատճառ դառնալ»

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը կտրականապես դեմ է տեսակետին, թե կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը կարող է փլուզվել։ Ըստ նրա` վերջին 15-20 տարիներին ի հայտ են եկել տարբեր փորձագետներ, որոնք անընդհատ ինչ–որ բանի փլուզում են կանխատեսել. նման  կարծիք էր շրջանառվում, օրինակ, էբոլա վիրուսի ժամանակ։

Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը․ չեղարկված ուղևորությունների վնասները Հայաստանում

«Վիրուսն ինքնին այն գործոնը չէ, որ առողջապահական ժամանակակից համակարգի զարգացման պայմաններում կարող է հանգեցնել տնտեսության փլուզման։ Որպեսզի տեսանելի լինի տնտեսության փլուզման և վիրուսի միջև կապը, համաճարակը դեռ այնքան քայլեր պետք է անցնի, դեռ այնքան գործոններ պետք է ի հայտ գան, ձևավորվի ամենաանբարենպաստ իրավիճակը, որ նման կանխատեսումները դառնան իրական»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Տնտեսագետի խոսքով` այս պահին ամբողջ աշխարհում կան ավելի քան 100 հազար վարակվածներ, տասնյակ հազարավորներն արդեն ապաքինվել են։ Քթոյանի համոզմամբ` գրիպից ավելի շատ մարդ է մահանում, բայց դա չի բերում համաշխարհային տնտեսության փլուզման։ Տնտեսագետը երևույթը դիտարկում է ԱՄՆ–Չինաստան մրցակցության տիրույթում։ 

«Սա չինական տնտեսությունը խոցելու կամ Չինաստանի խոցելիությունն ի ցույց դնելու գործոնն օգտագործելու նպատակ է հետապնդում, ինչին ես լուրջ չեմ վերաբերվում»,– նշեց տնտեսագետը։

Հակագազը` դիմակին այլընտրանք. երիտասարդը գտել է կորոնավիրուսից պաշտպանվելու իր տարբերակը

Քթոյանի դիտարկմամբ` տեղին չէ նաև կորոնավիրուսի և 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի համեմատությունը, որովհետև փորձագետները նրա համար են, որ կանխատեսումներ անեն և հետո բացատրեն, թե ինչու դրանք չեն իրականացել։ Ըստ նրա` այս պահին կորոնավիրուսը չի հասել այնպիսի մակարդակի, որը համաշխարհային տնտեսության համար կստեղծի լուրջ սպառնալիք։ Իսկ այն տնտեսական բացասական հետևանքները, որոնք այժմ նկատելի են, պայմանավորված են ոչ թե վիրուսով, այլ վիրուսի պատճառով առաջացած խուճապային տրամադրություններով։ Տնտեսագետը վստահ է, որ երկու–երեք ամսվա ընթացքում մարդկությունը համաճարակի պիկը հաղթահարած կլինի, և դրանով այս պատմությունը կավարտվի։

Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 9 քաղաքացու թեստերի պատասխանը պատրաստ է

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է, որը Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: